Բացթողումներ, գլուխկոտրուկներ, բառախաղեր` ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունում
ПолитикаՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումների շարք է սկսել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կուսակցության կամ խմբակցության ներկայացուցիչներն իրենց առաջարկներ են անում` կապված Սահմանադրական փոփոխությունների հետ: Զարմանալին այն է, որ գրեթե բոլոր խմբակցության ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ հանդիպման են գնում մեծ ոգեւորությամբ ու հրճվանքով՝ կարծես մոռանալով դեռ շաբաթներ առաջ իրենց կողմից արված բոցաշունչ հայտարարություններն այն մասին, թե Սահմանադրության ներկայացված նախագիծը կարծես ոտքի վրա գրված մի փաստաթուղթ լինի, որը լի է բացթողումներով ու սխալներով:
Ի դեպ, հենց այդ բացթողումների, անհասկանալի ձեւակերպումների եւ տարբեր բառախաղերի մասին Orer.am-ը զրուցեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, իրավաբան Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ իրավաբանի` թեպետ ներկայացված նախաձեռնության շուրջ աշխատել են լրջագույն մասնագետներ եւ գիտնականներ, այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները բավական անլուրջ են մոտեցել իրենց աշխատանքին: Մեջբերելով մի քանի օրինակներ` իրավաբանը հիմնավորեց իր խոսքը: «Նախագծի 158-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինները, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Նախագծի հեղինակները պետական կառավարման համակարգը շփոթում են գործադիր իշխանության հետ: Պետական կառավարման համակարգը լայն հասկացություն է, որի մեջ մտնում են իշխանությունների երեք թեւերը, պետության գլուխը եւ այդ երեք թեւերի մեջ չմտնող այլ ինստիտուտներ: Պետական կառավարման համակարգի մեջ մտնում է օրենսդիր, դատական իշխանությունը, գործադիրը, նախագահը, ինչպես նաեւ անկախ հանձնաժողովները, դատախազությունը: Ըստ նրանց ձեւակերպման՝ ստացվում է, որ այս ամենը մտնում են կառավարության ենթակայության տակ»,- նկատեց Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով մեկ այլ օրինակ: «Նախագծում գրված է, որ նախաքննությունը կազմակերպում են քննչական մարմինները: Այստեղ լուրջ խնդիր կարող է առաջանալ, քանի որ գրված է ոչ թե իրականացնում են, այլ կազմակերպում են, այսինքն՝ փաստաբանները, հիմնվելով Սահմանադրության վրա, եթե այն այս տեսքով իհարկե ընդունվի, կարող են շատ հանգիստ քննիչին ասել՝ դու նախաքննություն իրականացնող չես, այլ կազմակերպող ես եւ հենց այդտեղ է, որ սկսելու են գլուխկոտրուկներն ու անիմաստ բանավեճերը»,- ասաց նա:
Թերեւս սահմանափակվելով վերը նշված երկու օրինակներով՝ կարող ենք նշել, որ ներկայացված նախագիծը լուրջ մշակման եւ հղկման կարիք է զգում:
Սոսե Չանդոյան