Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը լարված պահել, բայց պատերազմի պատրաստ չէ. Դավիթ Բաբայան
ПолитикаԱդրբեջանի սադրանքները, դժբախտաբար, դարձել են սովորական երևույթ: Ադրբեջանի նման ագրեսիվ, ֆաշիստական պետությանը բնորոշ է այդպիսի պահվածքը, սա նրա կենսակերպն ու ապրելակերպն է: «Sputnik- Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պասիվ վերաբերմունքն է ցուցաբերում այս ամենի նկատմամբ, հետեւապես՝ հայկական կողմն է ստիպված լինում անել ամեն ինչ՝ պաշտպանելու պետության սահմանները, անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:
«Թշնամուն տալիս ենք անհրաժեշտ հակահարվածները և կասեցնում բոլոր ոտնձգությունները: Ասեմ, որ Ադրբեջանը տալիս է բազմաթիվ կորուստներ, չնայած քողարկում է այդ ամենը: Ադրբեջանի բոլոր գործողություններն անիմաստ են, որովհետև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը նրանք չեն փոխում որևէ ձևով և ի վիճակի չեն ռազմավարական նախաձեռնությունը վերցնելու իրենց ձեռքը: Հետևաբար՝ անիմաստ կորուստներ, մարդկանց կործանված ճակատագրեր, որբ մնացած ընտանիքներ, երեխաներ, որդեկորույս մայրեր» ,-նշել է Բաբայանը:
Դիվերսիոն վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործել է նաև թուրքական հրթիռահրետանային կայանքներ: Բանախոսն ընդունում է, որ սա ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը, սակայն շտապում է հավելել, որ պատերազմ սկսելն այնքան էլ դյուրին չէ: «Պետք չէ նույնացնել իրավիճակը 1988-1991 թվականների հետ: Այն ժամանակ փլուզվում էր Խորհրդային միությունը և ստեղծվում էր աշխարհաքաղաքական մի հսկայական վակում: Ներկայում չկան նման գործընթացներ: Տարածաշրջանում, կարծես, հստակ են թե ռազմական, թե քաղաքական ու տնտեսական սահմանները, հետևաբար՝ պատերազմ սկսելը հեշտ չէ: Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա այն չի լինելու լոկ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև. դրանում կամա, թե ակամա ներգրավվելու են նաև գերտերությունները, և սա որևէ մեկի շահերից չի բխում» ,- ընդգծել է նա:
Հզոր պետությունները չեն ցանկանում Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքի պատճառով հայտնվել այնպիսի իրավիճակում, որը կպահանջի հսկայական տնտեսական ծախսեր, մարդկային կորուստներ, քաղաքական բախումներ: Բացի դրանից, ինչպես ընդգծում է Դավիթ Բաբայանը, Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը լարված պահել, բայց պատերազմի պատրաստ չէ: Ավելին՝ այն լավ հասկանում է, որ իր բանակը ի վիճակի չէ հաղթել հայկական միացյալ ուժերին` Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը: «Եթե լինի պատերազմ, ապա դա կարող է հանգեցնել նաև Ադրբեջանում անկանխատեսելի հետևանքների, որը նույնիսկ կվտանգի Ադրբեջանի գոյությունը՝ որպես պետություն»,-կանխատեսում է արել բանախոսը:
Հակառակորդի գործողությունները շատ պարզ են և պրիմիտիվ: Դավիթ Բաբայանը թվարկում է այդ պարզունակ գործողություններից մի քանիսը՝ սադրանքներ, կաշառակերություն, խավիարային դիվանագիտություն, տարբեր միջազգային ատյաններում տարբեր չինովնիկների կաշառում: «Այսպիսին է նրանց պետականաշինության փիլիսոփայութունը: Մենք մշտապես փորձելու ենք հակազդել դրանց, ճիշտ է, երբեք չենք որդեգրելու նրանց պահվածքը: Սա նաև լավ հնարավորություն է ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար»,-եզրափակել է Արցախի հանրապետության աշխատակազի տեղեկատվության գլխավոր վարչության պետը: