Տղաս նախագահի հետ հանդիպման է գնացել, որովհետեւ… մեկնաբանում է Գուրգեն Եղիազարյանը
ПолитикаՔաղաքական դաշտում երբեւէ որեւէ գործունեություն իրականացրած կուսակցությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից շարունակում են ընդունել երկրի ղեկավարի հրավերը: Քննարկման սեղանին դնելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ երկու կողմերը փորձում են հայտնել իրենց տեսակետները, առաջ են քաշվում բացթողումներն ու նոր Սահմանադրությունը մշակած հանձնաժողովի կողմից թույլ տրված կիքսերը: Զարմանալին այն է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնում քաղաքական այն դեմքերը, որոնք տարին 12 ամիս եւ օրը 24 ժամ ամենավերջին ձեւակերպումներով են անդրադառնում, ինչպես սիրում են իրենք ասել, ոչ լեգիտիմ կերպով ընտրված նախագահին:
Հիշեցնենք, որ դեռ երեկ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության անդամները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Բաղրամյան 26: Ի դեպ, հանդիպմանը մասնակցում էին նաև հայտնի ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի քույրն ու որդին՝ Համբարձում և Նարինե Եղիազարյանները:
Հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում Եղիազարյանների ընտանիքում եւ ինչու է տղան շեղվել հոր որդեգրած ուղղուց եւ սկզբունքներից, Orer.am-ը կապ հաստատեց ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ, ով իր խոսքում մասնավորապես նշեց հետևյալը: «Նա նախագահի հետ հանդիպման է գնացել, որովհետեւ համաձայն է այդ դրույթներին: Որդիս մեկ մեկնաբանություն ունի այս ամենի հետ կապված` Հայաստանին պարտադրված է այս Սահմանադրությունը եւ այս պարագայում փոքրիկ Հայաստանն ընդդիմանալ չի կարող` պետք է ընդունի»,- ասաց նա:
Էխ-էխ, ցավալի է բայց փաստ, որ ՀՀ նախագահը, ով ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, մի հիասքանչ պորտֆոլյո է ստեղծում: Նրա այս քայլը թերեւս ամենագեղեցիկներից է, քանզի վերջինս դեմքի մեծ գոհունակությամբ եւ քծնանք արտահայտող իր ժպիտով պարզապես բարոյազրկում եւ ոչնչացնում է իր մեջքի հետեւում խոսող տարբեր տրամաչափերի ոչ իշխանական ուժերին: Իսկ թե ինչպես են այսքանից հետո շարունակելու այսպես կոչված ընդդիմադիրները նայել հասարակության աչքերին եւ վանկարկել «Սերժի´կ, հեռացի´ր», մի տեսակ դժվար է պատկերացնել…
Սոսե Չանդոյան