Ցավալի միավոր կորցրինք խաղավերջում. Վարդան Բիչախչյանը՝ Բանանցի հետ խաղի մասին
СпортԲարձրագույն խմբի 5-րդ տուրի «Շիրակ» – «Բանանց» մրցավեճից (1:1) հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կիսվեց խաղի շուրջ իր տպավորություններով, տեղեկացնում է Armsport.am–ը:
«Ցավալի միավոր կորցրինք խաղավերջում: Վտանգավոր գոտում անտեղի խախտեցինք խաղի կանոնները, որի խաղարկումից հետո նշանակվեց անկյունային, ապա 11 մետրանոց:
Մի տեսակ անվստահ գործեցինք պաշտպանությունում: Վերջերս շատ եմ անդրադարձել պաշտպանությանը, «Փյունիկին» պարտվեցինք հենց պաշտպանության սխալների պատճառով: Հարձակման գծում վատ տեսք չունեինք… մնում է եզրափակենք ստեղծված գոլային պահերը:
Ընդմիջման ժամանակ շատ կարևորեցի երկրորդ գնդակը խփելու անհրաժեշտությունը, որպեսզի վտանգավոր 1:0 հաշիվը չմնար մինչև խաղավերջ:
Թիմի նորեկի վերաբերյալ նշեմ, որ բնականաբար չէր կարող նրա գործողություններում լարվածություն չլիներ: Դեռ պետք է ադապտացվի մեր խաղին: Հետագայում կարող է ավելի վտանգավոր գործել:
Հավաքականների խաղերի պատճառով առաջնությունում ընդմիջում է հայտարարվել: Մեր թիմի ֆուտբոլիստներին 4-օրյա հանգիստ կտանք, որից հետո կաշխատենք բացթողումների վրա»: