Ի՞նչ է իրականում թաքնված նախագահի եւ քաղաքական կուսակցությունների հանդիպումների տակ
ПолитикаՕրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հերթական հանդիպումների շարքն ունեցավ հայաստանյան քաղաքականության մեջ որեւէ քայլ կատարող կուսակցության անդամների եւ տվյալ ուժերի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Շատերի մոտ վերոնշյալ հանդիպումը վրդովմունք առաջացրեց, ինչը հատկապես նկատելի էր սոցցանցերում:
Թե իրականում ինչ նպատակ էր հետապնդում նախագահի այս քայլը, Orer.am-ը ճշտեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանից: «Հանդիպումների այդ շարքը, որի նախաձեռնողն է Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն հետապնդում է մի քանի նպատակ, առաջին` նա փորձում է բոլորին սարքել հանցակից այն գործողությանը, որը կոչվում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց: Երկրորդ նպատակն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ սահմանադրության փոփոխություններն ընթանում են քաղաքական բանակցությունների արդյունքում, այնինչ, ակնհայտ է, որ որեւէ բանակցություն էլ չկա»,- ասաց Կիվիրյանը:
Ըստ վերլուծաբանի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնացել այն կուսակցությունները, որոնց մեջքին կանգնած չէ որեւէ քաղաքական ուժ: «Այն կուսակցությունները, որոնք գնացին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, հիմնականում Հայաստանի Հանրապետությունում առկա մի քանի հոգուց բաղկացած կուսակցություններն են: Որեւէ քաղաքական ուժ այդ կուսակցությունների հետեւում չկա, պարզապես կուսակցության մեջ ներգրավված են մի քանի հոգի, ովքեր էլ գնացին Բաղրամյան 26 հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ»,- խոսքը եզրափակեց Ա. Կիվիրյանը:
Սոսե Չանդոյան