Հասարակության 95%-ը «Ո´չ» կասի Սահմանադրության փոփոխությանը. Գ. Իսագուլյան
ПолитикаՀՀԿ-ականները հայտարարել էին, որ պատրաստվում են Սահմանադրության նոր նախագծի բովանդակայինից մինչև խմբագրական ավելի քան 300 առաջարկ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ մյուս կուսակցությունները նույնպես հայտարարել են, որ ներկայացված նախագիծը լավագույն տարբերակներից չէ և իրենք նույնպես բազմաթիվ առաջարկներ ունեն: Ստացվում է, որ հանձնաժողովի կողմից ներկայացված նախագիծն այնքան թերություն ունի, որ կա´մ այն պետք է ազգովի խմբագրենք, կա´մ ամբողջությամբ նորը գրենք:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի կողմից 300-ից ավելի առաջարկություն ներկայացնելու մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ կուսակցությունում շատ հայրենասերներ կան: «Պետք է ընդունել, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են մտածել: Ես շատ շատերին գիտեմ, ուղղակի անուններն այսօր տալ չեմ կարող, որոնք ոչ միայն դեմ են, ինչպես մենք ենք դեմ, այլ շատ ավելի դեմ են, քան մենք: Եվ նրանք հասկանում են, թե այս ամենն ինչի է տանելու, բայց քանի որ իրենց մոտ արգելված է, որ որևէ մեկը սեփական կարծիքը հայտնի, այդ պատճառով էլ լռում են: Նրանց անցած ուղին այնպիսին է եղել, որ իրենք տեսել են, որ ամեն ինչ կեղծիքներով է արվում և որևէ մեկի կարծիքն ու տեսակետը հաշվի չի առնվում: Այդ առումով հանրապետականները եթե 300 չէ, 3000 առաջարկ էլ ունենան, ցավոք սրտի, որևէ ձևով չի անդրադառնա այն փոփոխությունների վրա, որոնք նախաձեռնել են ինչ-ինչ մարդիկ, կամ ինչ-ինչ ուժեր, որոնք վստահաբար կարելի է ասել, որ չեն մտածել հայկական պետականության ու հայ ժողովրդի մասին»,- Orer.am-ին ասաց Գ. Իսագուլյանը:
Կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ իրենք սահմանադրական բարեփոխումներին «Ո´չ» ասելուն ուղղված ցանկացած քայլի դեմ չեն: Դեռ ավելին, կոչ արեց մոռանալ անձնական և այլ բնույթի խնդիրները և միավորվել, քանի որ Հայաստանում սկսված «Այո»-ի և «Ոչ»-ի պայքարը կարելի է ձևակերպել այսպես՝ ուզո՞ւմ եք Հայաստանը կործանվի՝ այո՞, թե՞ ոչ: «Եթե լուրջ ճակատ ձևավորվի, մենք միանշանակ կմասնակցենք, իսկ «Այո»-ի կողմնակիցներին կփորձենք բացատրել, որ ճիշտ քայլ չի: Ես արդեն հրապարակավ առաջարկել եմ, որ «Ոչ»-ի և «Այո»-ի կողմնակիցները գոնե մեկ հարցում պետք է կարողանան միասին լինել՝ ապահովեն հանրաքվեի լեգիտիմությունը, գան ընդհանուր հայտարարի և հանրապետության նախագահի երաշխավորությամբ վստահ լինենք, որ ընտրությունները լինելու են բացարձակ ազատ, արդար և թափանցիկ»,- ասում է Գ.Իսագուլյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակության ղեկավարի խոսքով՝ եթե և՛«Այո»-ի, և՛ «Ոչ»-ի կողմնակիցները նման համատեղ հայտարարությամբ հանդես գան ու միասին շտաբ ձևավորեն, իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարեն, որ իշխանական որևէ լծակ չեն օգտագործելու և «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները հավասարապես հնարավորություն ունենան իրենց տեսակետը ներկայացնելու հասարակությանը, ապա այդ պարագայում եթե հասարակությունը հանրաքվեի ժամանակ «Այո» ասի փոփոխությանը, ուրեմն «Ոչ»-ի կողմնակիցները պետք է ողջունեն «Այո»-ի կողմնակիցներին, իսկ եթե «Ոչ» ասի, ուրեմն՝ հակառակը: «Գոնե մեկ անգամ ազգային կերպարին վերաբերող շատ կարևոր խնդրի հարցում կարողանանք համերաշխորեն լուծել այդ խնդիրը»,- ասաց Գ.Իսագուլյանը: Նա առաջարկեց նաև հարցին մոտենալ ոչ թե հաղթողի ու պարտվողի տեսանկյունից, այլ միասնականության և հնարավորություն ստեղծվի, որ ժողովուրդն ազնվորեն կայացնի իր որոշումը: Իսագուլյանը վստահ է նաև, որ եթե «Ոչ»-ի կողմնակիցներին հաջողվի Սահմանադրության նախագծում առկա բոլոր բացասական հետևանքները ներկայացնել հասարակությանը, ապա 95 %-ը «ոչ» կասի հանրաքվեին, որի մեջ կինեն նաև շատ հանրապետականներ: