Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 4 հայ ըմբիշներ
СпортԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն ևս 4 ըմբիշներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օլիմպիական վարկանիշ տվող 59 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա Ռոման Ամոյանը: Այս քաշային կարգում կան մի քանի ուժեղ ըմբիշներ, ինչպես օրինակ` աշխարհի բազմակի չեմպիոն իրանցի Սորյանը: Ամոյանը որակավորման փուլում հանդիպելու է մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ, ով բավականաչափ ուժեղ ըմբիշ է: Նրան հաղթելու դեպքում մեր ըմբիշը կմրցի ուզբեկ Էլմուրատ Թասմուրադով և մեքսիկացի Ալի Սոտո Մացիաս զույգի հաղթողի հետ:
Օլիմպիական քաշերից մեկը` գերծանր 130 կգ-ն է, որտեղ Հայաստանը ներկայացնելու է երիտասարդների այս տարվա բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանը: Նա առաջին փուլում հանդիպելու է Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Էդուարդ Սողոմոնյանի հետ: Բրազիլիայի չեմպիոնին հաղթելու դեպքում Խաչատրյանը կհանդիպի Էդգարդո Խուան Լոպես Մոռել (Պուերտո Ռիկո) և Մուրատ Ռամոնով (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ:
Ոչ օլիմպիական 71 կգ քաշային կարգում պայքարին կմիանա անցած տարվա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից Վարշամ Բորանյանը: Նա առաջին փուլում մրցելու է կորեացի Ջեոնգեոն Լիի հետ: Իսկ հաղթանակի դեպքում կմրցի Եգիպտոսի կամ Ղրղստանի ներկայացուցիչներից մեկի հետ:
80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Էդուարդ Սարգսյանը, ով առաջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության: Նա աշխարհի առաջնության իր մեկնարկային գոտեմարտում կհանդիպի ավստրիացի Միչել Վագների հետ: