Միավորված աշխատանքային կուսակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների գործընթացին
ПолитикаՄիավորված աշխատանքային կուսակցությունը անմասն չի մնում սահմանադրական բարեփոխումների գործընթացից և պատրաստվում է ամրագրել իր համար կարևոր սկզբունքները:
Այս մասին սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում նշեցց ՄԱԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր կուսակցության մոտեցումներն ու դիրքորոշումը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: Մենք անմասն չենք մնում սահմանադրական բարեփոխումների գործընթացից: Գտնում ենք, որ հարկավոր է մասնակցել այդ գործընթացին և ամրագրել այն սկզբունքները, որոնք մեզ համար կարևոր են»,- ընդգծեց Արսենյանը:
Արսենյանը հայտնեց, որ իրենց համար Սահմանադրության նախագծում մտահոգիչ է այն դրույթը, ըստ որի` հանրապետության նախագահին ընտրելու են ընտրիչները, մի շարք անցումային դրույթներ, որոնց մասին իրենք հայտնել են ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ղեկավարը դրական է համարում այն հանգամանքը, որ Սահմանադրության նախագծով բարձրացվում է ոչ թե անհատների, այլ քաղաքական կուսակցությունների դերը: