Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նույն թալանն էր, նույն կաշառակերությունը. Սոս Գիմիշյան
ПолитикаՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս տված հարցազրույցներից մեկում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքներին, նշել էր. «Եթե տնտեսական դաշտում ընդհանուր դրությունն այնքան էլ լավ չէ, ապա, բնականաբար, սակագների անգամ ոչ մեծ բարձրացումն էականորեն ազդում է ցանկացած քաղաքացու բյուջեի վրա, և մարդիկ այս առումով արդարացիորեն վրդովվում են»:
Վերը նշված հայտարարության հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ, ով իր քաղաքական գործունեությամբ թերեւս ամենաակտիվ գործիչներից էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում:
Ըստ Սոս Գիմիշյանի՝ ՀՀ երկրորդ նախագահը գլուխ գովելու տեղ պարզապես չունի: «Իհարկե, գուցե տնտեսության հարցերում անկումն իր նախագահության ժամանակ այդքան էլ մեծ չի եղել, սակայն ես չեմ կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահը գլուխ գովալու տեղ եւ լավ իրադարձություններ վերհիշելու տեղ ունի: Օբեկտիվությունը պահանջում է ասել, որ տնտեսության առումով անկումն այդքան էլ սուր չէր, մնացած ամեն ինչը նույնն էր` նույն թալանն էր, նույն կաշառակերությունը, ինչպե՞ս հնարավոր էր այդ համատարած կաշառակերության պայմաններում երկիրն ավելի լավ վիճակում լինել: Անհնարին է նորմալ տնտեսություն լինի, եթե երկրում կա կաշառակիրություն»,- նշեց ընդդիմադիր գործիչը՝ վերհիշելով 2008 թվականի իրադարձությունները:
«Եկեք վերհիշենք 2008 թվականի մարդասպանությունը, այստեղ հարց է առաջանում, եթե երկրում ամեն ինչ այքան լավ էր, ապա ժողովուրդն ինչո՞ւ էր ոտքի կանգնել: Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանին միայն արյան գնով հաջողվեց պահպանել իշխանությունն ու փոխանցել այսօրվա ղեկավարությանը: Կարո՞ղ է՝ մարդիկ երջանկությունից էին ոտքի կանգնել այդ օրը, ուզում էին իշխանություններին շնորհակալություն հայտնում»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ կապված էլ Սոս Գիմիշյանն ասաց. «Նախկին եւ ներկայիս իշխանությունների մեջ տարբերություն չկա, որպես իշխանավոր եւ որպես մարդ նրանք նույն ծագումն ունեն: Իհարկե, որպես անհատներ նրանք տարբերվում են, սակայն որպես իշխանություն, շատ չեն տարբերվում»:
Սոսե Չանդոյան