Հայտնի են սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարի հաղթողների անունները
СпортԵրևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվել է վաստակավոր մարզիչ Ալբերտ Գրիգորյանի հիշատակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցել են 5 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Իրան) տարբեր քաղաքներից ժամանած տղաների և աղջիկների 12 թիմեր, որոնք մրցել են խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում:
Ճկասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Մայքլ Հովհաննիսյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), 2-րդ տեղն է զբաղեցրել Լուկա Գագանիձեն (Վրաստան), իսկ 3-րդ տեղը կիսել են Գեորգի Չումբուրիձեն (Վրաստան) ու Գեորգի Գելաշվիլին (Վրաստան):
Ճկասուսերակիր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Մադինա Ձիտիևան (Ռուսաստան), 2-րդ տեղը՝ Թեոնա Գոգլիձեն (Վրաստան), իսկ 3-րդ տեղում էին Զարինա Խոսիևան (Ռուսաստան) ու Մարիամ Ցուխիշվիլին (Վրաստան)։
Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում առաջատարն Էդուարդ Հովիկյանն էր (անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), 2-րդ տեղում՝ Արթուր Քոչարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Ռազմիկ Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արկադի Մուրադյան) ու Վյաչեսլավ Բառոևը (Ռուսաստան): Բոլոր հայ մարզիկները «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի սաներն են:
Խոցասուսերակիր աղջիկների մրցապայքարում հաղթել է Նիկոլ Հակոբյանը (ԱՄՆ) 2-րդ տեղը զբաղեցրել է Ֆակիմա Ժոնկինան (Ռուսաստան), իսկ 3-րդ տեղը կիսել են Մարիա Զակիռչենկոն (Վրաստան) և Աննա Մելիան (Վրաստան)։
ՀՀ հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը: