Քրդական հարցն աշխարհի ձեռքին փոխանցիկ դրոշ է, ուստի դժվար է հասկանալ, թե ում մտքում ինչ կա. Ս.Շաքարյանց
ПолитикаԹուրքիայի զինված ուժերի և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության միջև բախումները շարունակվում են և օր օրի մեծանում է երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու հավանականությունը:
Ինչպես հայտնի է, ներքին խռովությունները սկսվեցին քրդերի դեմ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից սկսած ռազմական գործողություններից հետո, ինչը երկրի քրդաբնակ նահանգներում շղթայական ռեակցիա առաջացրեց:
Ներկայում գնալով ընդլայնվում են թուրք-քրդական բախումների ծավալները՝ ընդհուպ մոտենալով նաև Հայաստանի սահմաններին:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Orer.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե վերջին օրերին Իգդիր նահանգում տեղի ունեցած գործողությունները մտահոգվելու լուրջ առիթ են, քանի որ թուրք-քրդական բախումները քաղաքացիական պատերազմի վերաճելու դեպքում դժվար է կանխատեսել, թե նման սցենարի դեպքում Հայաստանն ինչ խնդրի առջև կհայտնվի:
«Ինձ համար, օրինակ՝ անհասկանալի է, որ եթե բախումների աշխարհագրությունն ընդլայնվի, ապա ողջ տարածաշրջանը ինչ խնդիրների առջև կհայտնվի»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ քրդական հարցը տարիներ շարունակ փոխանցիկ դրոշի նման ձեռքից ձեռք է անցել և դա է պատճառը, որ հնարավոր չէ նախապես հասկանալ, թե ներկայում քրդերի մասով Ռուսաստանը կամ Իրանն ինչ մտադրություններ ունեն:
Ս. Շաքարյանցի կարծիքով՝ հնարավոր սցենարներից մեկը կարող է դիտարկվել նաև Իրանի և Ռուսաստանի միավորումը և քրդական ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հնարավոր է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը քայլեր ձեռնարկեն Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդելու համար: Իսկ եթե Թուրքիայի փախստականների փախուստի ճանապարհը դեպի մեր երկիր լինի, ապա նրանց հոսքի դեպքում Հայաստանը կհայտնվի բավականին ծանր կացության մեջ: «Բացի այդ, եթե տարածաշրջանում պատերազմական գործողություններ ծավալվեն, ապա դժվար է ասել նաև, թե դրա հետևանքով Հայաստանն ինչ տնտեսական խնդիրների առջև կկանգնի: Եթե հարցը դիտարկենք զուտ ներդրումների տեսանկյունից, ապա որ ներդրողը կցանկանա նման տարածքներում գումարներ ներդնել»,- ասում է Ս. Շաքարյանցը:
Ստացվում է, որ ներկայիս թուրք-քրդական բախումները դեռևս գտնվում են մեկնարկային փուլում և հնարավոր է, որ այս խմորը դեռ շատ ջուր վերցնի, քանի որ արդեն բախումներ են սկսվել նաև Իրանի սահմանամերձ շրջանների բնակիչների և քրդերի միջև:
Ուստի, դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե եռացող կաթսայի վերածված տարածաշրջանը երբ կհանդարտվի կամ այլ կերպ ասած՝ կաթսայում եղած եռացած ջուրն այս անգամ ում գլխին կթափվի:
Արմինե Գրիգորյան