Վարդան Պողոսյանն ակնկալում է սահմանադրական բարեփոխումների նախագծի կառուցողական քննարկում ԱԺ-ում
ПолитикаՍահմանադրական փոփոխությունների նախագիծը բաց և թափանցիկ է բոլոր այն առաջարկությունների համար, որոնք, հարցականի տակ չդնելով նախագծով ներկայացված հիմնարար դրույթները և հայեցակարգը, հնարավորություն կտան բարելավել երկրի Մայր օրենքը: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Բավականին շատ են այն դրույթները, որոնք մենք առաջարկում ենք փոփոխել սահմանադրական բարեփոխումների նախագծով, և հասկանալի է, որ տարբեր դրույթների վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ և տարբեր մոտեցումներ: Դա է պատճառը, որ Հանրապետության Նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ դրսևորվելու է առավել բաց մոտեցում: Սահմանադրության նախագիծը բաց է բոլոր առաջարկների համար, որոնք հնարավորություն կտան բարելավել մեր երկրի Սահմանադրությունը»,- ընդգծեց Պողոսյանը:
Եզրափակելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները կընթանան կառուցողական մթնոլորտում, կլինեն այնպիսի առաջարկներ, որոնք կնպաստեն նախագծի բարելավմանը: «Հարկավոր է հասնել այն բանին, որ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում հանրաքվեի դրվի մի այնպիսի նախագիծ, որը կհամապատասխանի ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքի բոլոր դրույթներին, համահունչ կլինի ժամանակակից սահմանադրական զարգացման միտումներին և ծառայի մեր երկրի հետագա զարգացմանը»,- եզրափակեց ՀՀ նախագահի ներկայացուցիչը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ Նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Վարդան Պողոսյանն ավարտել է իր ելույթը և պատասխանում է պատգամավորների հարցերին: