Կայուն մեծամասնության սկզբունքը ընտրությունների ժամանակ կարող է խթանել քաղաքական կոռուպցիայի աճը. Վ.Հոկտանյան
ПолитикаԱյս օրերին, երբ սահմանադրական բարեփոխումները շարունակում են հարցերի հարցը մնալ և հիմնականում փորձում են լոկ մեկ հարցի պատասխանել, թե իրականում այն որքանով էր Հայաստանին ու հայ ժողովրդին հարկավոր, մյուս կողմից էլ երկրի ղեկավարներն ուզում են հակակոռուպցիոն պայքարի երրորդ ռազմավարությունն ընդունել:
Orer.am-ը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից փորձեց պարզել, թե իրականում սահմանադրական փոփոխությունը կնպաստի արդյոք նրան, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դառնա:
Վ.Հոկտանյանի խոսքով՝ իրեն հայտնի չէ որևէ ուսումնասիրություն, որտեղ ներկայացված լինի Սահմանադրության ուղղակի ազդեցությունը կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ, սակայն անուղղակի ազդեցություն այն կարող է ունենալ:
«Նոր Սահմանադրության նախագծի համաձայն, օրինակ՝ կայուն մեծամասնության սկզբունքը ընտրությունների ժամանակ կարող է խթանել քաղաքական կոռուպցիայի աճը: Դա կարող է լինել, բայց միանշանակ ասել, որ հենց այդպես էլ կլինի, շատ դժվար է: Դրան զուգահեռ, կան շատ այլ հարցեր, որոնք հարկավոր է լուրջ վերլուծել: Կարևոր է նաև հասկանալ, թե այդ ընթացքում ինչպիսին կլինի հասարակության ակտիվության մակարդակը: Դրա համար էլ չի կարելի ասել, որ եթե Սահմանադրությունը փոխենք, կոռուպցիան կավելանա կամ ընդհակակռակը»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:
Ստացվում է, որ իրականում կոռուպցիա կոչվող չարիքը, մարդկանց որովայնում հարմար տեղավորվելու և նույն օրգանիզմից սնվելու ու բարգավաճելու ճիճուի հատկություն ունի, որին հաջողվում է նախ՝ ներխուժել օրգանիզմ, հետո հասնել օրգանիզմի ամենաանհասանելի հատված, իր «ճանապարհին» հանդիպած ցանկացած առողջ բջիջ վնասելու հաշվին մեծանալ ու այդպես զարգանալ:
Այսինքն՝ այն այնքան ճկուն է ու «խելացի», որ կարող է համակերպվել կառավարման բոլոր տեսակի համակարգերի ժամանակ, միայն հարմար երկիր լինի, մնացածն իր ձեռքում է: