Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման. ԱԺ փոխնախագահ
ПолитикаԱդրբեջանը, մերժելով բանակցային գործընթացում առկա սկզբունքները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Նման վարքագիծը անթույլատրելի է և դատապարտելի:
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նման վարքագիծը պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից: «Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հանրապետության Նախագահը նշել է. «Ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»:
Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման: ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա շեշտեց, որ մինչ Ադրբեջանի իշխանություններն ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ասվածի վառ ապացույցն է համարում Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան և ժողովրդավարական լինելու փաստը: