Կառավարման ժողովրդավարական համակարգի դեպքում կարող են լուծում ստանալ նաև սոցիալական հարցերը. Վարդան Պողոսյան
ПолитикаՔաղաքական պատասխանատվությամբ կառավարման ժողովրդավարական համակարգի ապահովման պարագայում կարող են լուծվել երկրում առկա սոցիալ-տնտեսական հարցերը: Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
«Որովհետև քաղաքական ուժերը, որոնք նաև ընտրությունների միջև ընկած հատվածում պատասխանատու են, պետք է շահագրգռված լինեն այդ խնդիրները լուծելու համար: Այլ մեխանիզմներ սահմանադրական իրավունքը չունի: Սահմանադրական իրավունքը կարող է ստեղծել այնպիսի դրական գործոններ, որոնք նպաստեն այդ խնդիրների լուծմանը, սակայն Սահմանադրությունն ինքնին չի կարող այդ հարցը լուծել»,- նշեց Պողոսյանը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը Հայաստանում կուսակցական համակարգի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ Վարդան Պողոսյանը համաձայնեց Մելքումյանի այն դիտարկման հետ, որ Հայաստանում 1991թ.-ից կա մարդ-կուսակցություն հասկացությունը՝ շեշտելով, որ դրա լուծումը ինստիտուցիոնալ մեխանիզմների մեջ է:
«Այդ, այդպես կոչված, մարդ-կուսակցությունները կվերանան այն ժամանակ, երբ կուսակցությունները լուրջ դերակատարում կունենան երկրի քաղաքական կյանքում, նրանցից կախված կլինի ժողովրդի քաղաքական կամքի արտահայտումը: Քանի դեռ նման համակարգ չկա, մարդ-կուսակցությունները շարունակելու են գոյություն ունենալ»,- ասաց Վարդան Պողոսյանը: