Գագիկ Մելիքյանը ցավում է ընդդիմության թույլ լինելու համար
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ցավում է Հայաստանում ընդդիմության թույլ լինելու համար: Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում Գագիկ Մելիքյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթների ընթացքում չեն կարողացել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային միտք արտահայտել, որին իշխանական պատգամավորները կարողանան համարժեք հակադարձել:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ով իր ելույթում խիստ քննադատության էր ենթարկել սահանադրական բարեփոխումների նախագիծը՝ կոչ անելով բոլորին դեմ արտահայտվել փոփոխություններին, Մելիքյանն ընդգծեց.
«Բա հարցնենք, ա'յ խելոք, այդքան որ քննադատում ես ու փորձում ես մեզ ինչ-որ բան համոզել, մի քո ղեկավարած խմբակցությանը նայիր: 7 պատգամավոր ընտրվել է, 4-ը քեզ արդեն լքել են, մեկը չի վստահում, էն մեկն էլ վրադ իշխում է: Եկել ես, ո՞ւմ ես խելք սովորացնում: Այդ անհեթեթությունները կգնաք ուրիշ տեղ կասեք»,- հավելեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Մելիքյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը կարևոր քաղաքական և իրավական փաստաթուղթ է և հետապնդում է քաղաքական կայունության նպատակ:
«Մենք գիտենք, որ Սահմանադրությունը քաղաքական խաղի կանոնագիրք է և ոչ թե թղթախաղի, ինչպես իմ ընդդիմադիր գործընկերն էր փորձում ասել: Ես նրա ելույթից հասկացա, որ ինքը պոկերից էլ տեղյակ չէ: Գոնե բլոտից խոսեր»,- ընդգծեց Մելիքյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ով իր ելույթում սահմանադրական բարեփոխումները համեմատել էր պոկեր թղթախաղում բլեֆի հետ: