Սամվել Ֆարմանյանը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտւթյունը հիմնավորող 4 փաստարկ ներկայացրեց
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանըներկայացրեց 4 փաստարկ, թե ինչու են Հայաստանին անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները: Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում Ֆարմանյանը որպես առաջին փաստարկ նշեց այն հանգամանքը, որ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին երկրի ժողովրդավարացման գործընթացն ավելի անշր ջելի է դարձնում: «Համաշխարհային փորձով ապացուցված իրողություն է, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում ժողովրդավարացման երաշխիքները՝ այդ թվում` նաև սահմանադրական, շատ ավելի անխոցելի են: Ասածս բոլորովին չի նշանակում, որ կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգն ինքնըստինքյան ենթադրում է կառավարման ոչ ժողովրդավարական միջավայր կամ ավտորիտարիզմի մեծ ներուժ պարունակող համակարգ: Եվ ես ողջունում եմ պարոն Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, որ սահմանադրական բարեփոխումների քննարկման հարցում վկայակոչելուց զատ, նախ մենք պարտավոր ենք ելնել ներհայաստանյան իրողություններից, նորանկախ Հայաստանի քաղաքական տրամաբանությունից, ունեցած ձեռքբերումներից, սայթաքումներից և խնդիրներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆարմանյանը:
Երկրորդ հանգամանքը, ըստ պատգամավորի, այն է, որ չի կարող որևէ պետություն, հասարակություն ընթանալ անխախտ ժողովրդավարացման ճանապարհով, եթե երկրի կուսակցական, քաղաքական համակարգը կայացած չէ: «Բոլորս հասկանում ենք, որ այստեղ մեծ հաշվով գործ ունենք հավի և ձվի պատմության հետ. արդյոք անցումը կառավարման խորհրդարանական համակարգին մեր իրողություններում կնպաստի՞ կուսակցությունների ինստիտուցիոնալ առումով կարողությունների մեծացմանը, թե` պետք է սպասել կուսակցությունների կայացմանը, նոր միայն գնալ խորհրդարանական կառավարման համակարգին ա նցում կատարելու ճանապարհով: Ես վստահ եմ, որ ճիշտն առաջին տարբերակն է: Խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է մեր քաղաքական կուսակցական համակարգի կայացմանը` գուցե, սկզբնական հատվածում որոշակի դժվարություններ հաղթահարելու ճանապարհով»,- մանրամասնեց պատգամավորը :
Պատգամավորի երրորդ փաստարկը վերաբերում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Ֆարմանյանի խոսքով՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում երկրի պետական համակարգը, պայմանավորված տարբեր իրողություններով, զերծ չի մնացել բացթողումներից և սխալներից՝ կապված պետական կառավարման համակարգի ամբողջական արդյունավետ աշխատանքի հետ: «Եվ սահմանադրական փոփոխությունները, որ մեզ ներկայացվել են, պետք է որ նպաստեն, որպեսզի իշխանության բոլոր մարմիններն աշխատեն առավել արդյունավետ»,- շեշտեց Ֆարմանյանը:
Նրա 4-րդ փաստարկը վերաբերում է այն հանգամանքին, որ սա Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, առաջին Սահմանադրությունն է, որն ստեղծում է երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն: Պատգամավորը նշեց, որ գործող համակարգը, որի դեպքում ընտրություններից հետո հաղթող քաղաքական ուժն ստանում է ամեն ինչ, պարտվածը՝ ոչինչ, չի նպաստում քաղաքական համակարգի առողջացմանը և քաղաքական որոշումների կայացման գործընթացում հասարակության ազդեցության բարձրացմանը: «Որպեսզի իմ ասածը հիպոթետիկ չհնչի, ես ընդամենը փաստեմ, որ երկու տարի առաջ հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը, մի քանի տարի առաջ հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենալով հասարակության շատ ստվար մասի քաղաքական աջակցությունը, շատ կարճ ժամանակահատվածում մսխել են իրենց քաղաքական կապիտալը, ինչի արդյունքում, ցավոք սրտի, հասարակության այդ մեծ մասի վստահությունը վայելող քաղաքական ուժերը կայացվող քաղաքական որոշումների վրա դե ֆակտո ազդեցություն չունեն: Առաջարկվող նոր լուծումը բացառելու է նման իրավիճակները, վերանում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը»,- եզրափակեց պատգամավորը: