Գաղջը շուտով կցնդի, ես կասկած չունեմ, որ այս ավազակաբարո իշխանությունը հեռանալու է. Լեւոն Տեր-Պետրոսյան
ПолитикаԱյսօր` ՀՀ անկախության օրը, Հայ ազգային կոնգրեսում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ վարչության եւ հանրապետական խորհրդի նիստ,- հայտնում է Orer.am-ը:
ՀՀ առաջին նախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին, նշեց. «Ես կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը անկախությունը երբեք չի կորցնելու: Այսօր կա, ինչպես կլասիկն է ասել, «գաղջ մթնոլորտ»: Բայց գաղջը շուտով կցնդի, ես այստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ ավազակաբարո իշխանությունը հեռանալու է վաղ, թե ուշ:
Իհարկե, որքան շուտ, այնքան լավ կլիներ հայ ժողովրդի համար: Բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ՄԱԿ-ը արդեն 70 տարվա պատմություն ունի եւ 70 տարվա մեջ ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի վերացել»:
Նշենք, որ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, Լ.Տեր-Պետրոսյանը բավական բացասական գնահատական տվեց դրանց. «Տեղի է ունենում մի կարեւորագույն իրադարձություն` Սահմանադրությունը փոխելու փորձ է կատարվում Հայաստանում, որի մասին գոնե վերջին շրջանում ես չեմ խոսել, որովհետեւ իմ ընկերները այդ գործը փայլուն անում են:
Քանի որ այսօր Կոնգրեսի խորհրդի եւ վարչության նիստն է, ես պարտավոր եմ իմ ընկերներին ասել իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և, նախեւառաջ, գնահատել ԱԺ մեր խմբակցության աշխատանքը սահմանադրական այս ավանտյուրայի դեմ:
Հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը եւ ընդգծել նաեւ Ստեփան Դեմիրճյանի հստակ դիրքորոշումն այդ հարցում: Հիշում եք` Կոնգրեսը, ըստ էության, ստեղծվել է 2007 թվականի նախընտրական շարժման ձեւավորման ընթացքում, եւ ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԺԿ-ի դերը մեր պայքարում եւ հատուկ նշեմ, որ Ստեփան Դեմիրճյանին համարում եմ մեր ամենապարկեշտ, կոռեկտ գործընկերը»,- ասաց Լ. Պետրոսյանը` հավելելով. «Ուզում եմ ընդգծել նաեւ «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման դերը: Այնտեղ հավաքվել են լավ երիտասարդներ ու մտավորականներ, որոնց հետ մենք համագործակցում ենք»:
Սոսե Չանդոյան