Էդմոն Մարուքյանը ՀՀ նախագահին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկներն ու մտահոգությունները
ПолитикаԱզգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկություններն ու մտահոգությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը,
Մարուքյանն ընդգծեց, որ ինքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկների փաթեթը տարբեր հարթակներում ներկայացրել է, որը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև հանրապետության ղեկավարին: «Նախագծի բազմաթիվ կետերի ու դրույթների վերաբերյալ ունեմ մտահոգություններ և առաջարկներ, որոնց մասին ես բարձրաձայնել էի նաև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագահի հետ հանդիպմանը ևս ներկայացրել եմ դրանք»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը հավելեց նաև, որ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Վանաձորի Քիմպրոմի աշխատակիցների 9 ամսվա չվճարված աշխատավարձերի խնդիրը: այդ կապակցությամբ նախագահը հավաստիացրել է, որ խնդիրը իր ուշադրության կենտրոնում կպահի, որի արդյունքում կտրվեն համապատասխան լուծումներ:
Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրկաան բարեփոխումների վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ: