Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում եվրոպական կառույցների հետ. Թեւան Պողոսյան
ПолитикаԻնչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, Ադրբեջանը աչքի ընկնելու նոր հնարքներ է մտածում, որոնցից մեկն էլ «Եվրանեսթից» դուրս գալն է: Թե ինչո՞վ է պայմանավորված հարեւան պետության այդ քայլը եւ ի՞նչ օգուտներ կտա Ադրբեջանին, Orer.am-ը զրուցեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ: «Ինձ թվում է՝ Ադրբեջանը փորձում է եվրոպական կառույցներին ասել, որ եթե արժեհամակարգով եք փորձում գնահատել մեր քաղաքականությունը՝ մոռանալով, որ կա նավթ եւ այլ երեւույթներ, ապա մենք կօգտագործենք շանտաժի լեզուն»,- նկատեց ԱԺ պատգամավորը:
Ինչպես նշում է Թեւան Պողոսյանը, Ադրբեջանի այդ քայլը Հայաստանին որեւէ կերպ չի մտահոգում: «Դուրս են գալիս, թող դուրս գան, ի՞նչ խնդիր: Մեզ այլ հարցեր են մտահոգում, օրինակ` արդյո՞ք «Եվրանեսթում» լինելով Ադրբեջանն ավելի ժողովրդավար կդառնար, հարցի պատասխանը մեկն է ` միգուցե: Կարող եմ նշել, որ, տվյալ կառույցից դուրս գալով, Ադրբեջանն ընդհանրապես ժողովրդավարության մասին պետք է մոռանա»,- ասաց Թեւան Պողոսյանը:
«Հիմա Եվրոպական միությունը պետք է իր քայլերի հաջորդականությունը որոշի, թե ինչպես է իր այսպես կոչված ռազմավարական գործընկերը վարվում իր հանդեպ, երբ իր վրա է վերցնում պատավորություններ՝ որոշակի արժեքներ պահպանելու համար եւ անում է ճիշտ հակառակը` խախտում է բոլոր կանոնները, դրանից բացի, փորձում է նաեւ շանտաժի լեզվով խոսել»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ մենք պետք է մեր ճանապարհով շարժվենք: «Հայաստանը համագործակցում է «Եվրանեսթի» հետ մեր սեփական կամքով` գիտակցելով, որ արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կարող եք բարեփոխումներ անել եւ գնալ ժողովրդավարության: Մենք մեր բաժին հարցերը պետք է կարողանանք առաջ տանել եւ լուծել, միեւնույն ժամանակ փորձելով բարեփոխումներ կատարել ու շարունակել եվրոպական ինտեգրման գործընթացը»,- խոսքը եզրափակեց պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Սոսե Չանդոյան