Հայտնի են ԱԺ նախագահի գավաթի համար անցկացված հեծանվավազքի հաղթողները
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ԱԺ նախագահի գավաթի «Անկախ սերունդ, առողջ սերունդ» անունը կրող հեծանվավազքին:
Արմենպրեսի հաղորդմամբ, հեծանվորդների արշավը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից, իսկ բուն մրցավազքն սկսվել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասից և ավարտվել ԱԺ բակում: Հաղթական սահմանագիծը շուրջ 100 հեծանվորդներից առաջինը հատել է Դավիթ Մկրտչյանը, ով պարգևատրվել է խորհրդանշական գավաթով, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Պավել Ստեփանյանը և Մհեր Մկրտչյանը, որոնք պարգևատրվել են մեդալներով:
Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի ոսկե հուշամեդալով է պարգևատրել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանին, իսկ ՀՀ հեծանվային մարզաձևերի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացել է ԱԺ պատվոգրի և դրամական պարգևի:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը և ԱԺ պատգամավորներ: