Արմեն Մարտիրոսյանը հանրաքվեի օրը կկանգնի՞ Զարուհի Փոստանջյանի կողքին
ПолитикаՍահմանադրական փոփոխությունների հետ կապված կրքերը, որքան գնում, այնքան թեժանում են: Քաղաքական ուժերից թեև մի քանիսն արդեն հայտարարել են, որ կողմ են քվեարկելու սպասվելիք փոփոխություններին, այնուամենայնիվ, «Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ պայքարելու է մինչեւ վերջ: ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավարն անգամ հայտարարություն էր արել ԱԺ ամբիոնից՝ հորդորելով հանրությանը հանրաքվեի օրը դուրս գալ փողոց` պայքարելու հերթական կեղծիքի դեմ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն եւս հայտարարեց, որ կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, հարցականի տակ է թերեւս ՕԵԿ-ի որոշումը՝ հետագա անելիքների հետ կապված:
Հետաքրքիր է, արդյոք «Ժառանգության» ներկայացուցիչները, խորհրդարանում մնալով մենակ, պատրաստ են միայնակ պայքարի դուրս գալ: Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հնարավոր է, որ «Ժառանգությունը» խորհրդարանում միայնակ մնա, սակայն քաղաքական դաշտում դա հնարավոր չէ: «Պետք է նկատենք, որ խորհրդարանը ողջ Հայաստանը չէ ու ոչ էլ Հայաստանի քսան տոկոսն է, որովհետեւ այդ խորհրդարանը կեղծված ընտրություններով է ձեւավորվել, իսկ հասարակության տրամադրություններն այսօր բոլորովին այլ են»,- նշեց կուսակցության փոխնախագահը:
«Հիշո՞ւմ եք 2008-2009 թվականները, երբ «Ժառանգությունը» միայնակ է գործել ամբողջ խորհրդարանում, բոլորը կոալիցիայի մեջ էին, սակայն մենք նման բաներից չենք նեղվում: Անկախ ամեն ինչից՝ մենք մեր գործունեությունը ծավալու ենք այն ուղղությամբ, որը համարել ենք գլխավոր ու կարեւոր»,- ասաց նա:
Հարցին` արդյոք հանրաքվեի օրը կանգնելո՞ւ եք Զարուհի Փոստանջյանի կողքին եւ պայքարելու, ինչպես հայտարարության մեջ է նշվել «անիրավության դեմ», Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ մինչև հանրաքվեն պետք է հասարակությունը ոտքի կանգնի, որպեսզի բանը չհասնի դրան: Ըստ իս՝ դա լավագույն ճանապարհը կլինի, քանի որ իշխանությունները լեգիտիմ չեն, ուստի հասարակական ընդվզումները սահմանադրական են»:
Սոսե Չանդոյան