Պատգամավորն առաջարկում է ԱԱԾ գործունեությունը դարձնել վերահսկելի խորհրդարանի կողմից
ПолитикаԱզգային անվտանգության ծառայության գործունեությունը պետք է ենթակա լինի խորհրդարանական վերահսկողության: Այդ նպատակով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացվել է առաջարկություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, որպեսզի սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրվի, որ Ազգային անվտանգության ծառայությունը ժողովրդավարական վերահսկողության ենթակա լինի»,- Արմենպրես-ի փոխանցմամբ`ասաց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ պետք է նոր մեխանիզմներ ներառվեն: «Այստեղ նոր մոտեցումներ է պետք ձևավորել, որով ԱԱԾ-ն աշխատի ու ներառի այլ դպրոցների հնարավորությունները: Մենք պատերազմի մեջ ենք, ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է իր գործողությունները կատարի, ու շատ ժամանակ մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք»,-շեշտեց Թևան Պողոսյանը: Նա հիշեց ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ից հետո անվտանգություն ապահովող մի շարք մեխանիզմների ներդրումը, որին բնակչության մեծ մասը դրականորեն արձագանքեց` հույս ունենալով, որ որոշ ազատությունների սահմանափակումը կբարձրացնի անվտանգության մակարդակը:
«Մենք պետք է գիտակցենք, որ Ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից, ու հասարակությունը պետք է պատրաստ լինի այդ մոտեցմանը»,-ավելացրեց Թևան Պողոսյանը: