Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահ
ПолитикаԱդրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը և այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի սեպտեմբերի 24-ի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությանը, որի արդյունքում կան զոհեր և վիր ավորներ:
«Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել: Կրակել խաղաղ բնակիչների վրա չի թույլատրվում նույնիսկ պատերազմի ժամանակ: Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա նաև հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի այս ամենը ու հստակ գնահատի և դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը Նյու Յորքում արտաքին գործերի նախարարի հանդիպումից առաջ կրկին լարված իրավիճակ է ստեղծում սահմանին՝ փորձելով խափանել բանակցային գործընթացը:
«Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Դեմ է այն առաջարկներին, որ անում են Մինսկի խմբի համանախագահները»,- շեշտեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ հայկական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կկարողանան համարժեք պատասխան տալ հակառակորդի գործողություններին՝ ընդգծելով, որ հայաստանյան համապատասխան գերատեսչությունների կողմից էլ կլինեն հայտարարություններ: