ՀՀ ԱԺ պատգամավորների կոչը միջազգային հանրությանը
ПолитикаԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության, երեկ` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան նաեւ վիրավորներ:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հետ կապված՝ ԱԺ պատգամավորները միջազգային կառույցներին եւս մեկ անգամ հիշեցնում են իրենց պարտականությունների մասին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, չցանկանալով որեւէ կոչով դիմել հակառակորդ երկրի իշխանությանը, նշեց, թե միակ բանը, որ կկրկներ, նույն հայտարարությունն է, որն արել է Բաքվում, այն է` «ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նստեք բանակցությունների սեղանին, եթե ուզում եք խաղաղություն ունենալ»:
«Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ասեմ, որ ժամանակն է եկել, երբ իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով: Նույնը կարող եմ ասել նրանց, եթե իրենց շահերից է բխում տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ապա նրանք պետք է ճանաչեն ԼՂՀ-ն եւ հրավիրեն Արցախի ներկայացուցիչներին բանակցությունների սեղանին եւ փորձեն քննարկել խաղաղության հրամանագրերը: Այլ պարագայում ունենք այն, ինչ ունենք:
Հուսով եմ, որ ո՛չ Հայաստանի Հանրապետությունն ու ո՛չ էլ Արցախի Հանրապետությունը չեն հոգնելու իրենց պայքարից, գնալու են մինչեւ հաղթանակ, իսկ մենք դրա համար պետք է լավ գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, որ մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում: Ազգի գիտակցումն ու նվիրվածությունը պետք է լինի այնպես, ինչպես եղել է 1991-1994 թվականներին, երբ ակտիվ ռազմական գործողություններ էին ծավալվում: Մենք պետք է այդ ոգով ապրենք, քանի որ ցավոք սրտի մեր թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, շեշտադրում կատարելով խաղաղ բնակիչներին կրակահերթի տակ պահելու փաստին, ասաց. «Այսօր սահմանամերձ գյուղերում անմեղ բանկիչներ են զոհվում: Բնականաբար, Ադրբեջանը գնում է այդ քայլին լարվածությունն ուժեղացնելու նպատակով: Նրանք օգտագործում են մեծ տրամաչափի զինտեխնիկա, հետեւաբար, իմ կոչը կլինի հետեւյալը, որ միջազգային հանրությունը եւ գերտերությունները վերահսկեն իրավիճակը:
Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա, որ այդ ամենը վերջում ուղղվելու է իր դեմ, որովհետեւ հայկական բանակը մշտապես պատասխանելու է ու հակահարված է տալու: Ադրբեջանի իշխանության այս գործոլաոճը դառնում է խրոնիկ հիվանդություն»,- նկատեց իշխող կուսակցության ներկայացուցիչը, որին միացավ նաեւ գործընկեր Կարինե Աճեմյանը ասելով. «Պետք է հասնենք նրան, որ միջազգային կառույցները կարողանան որոշակիորեն ազդել Ադրբեջանի նմանատիպ գործողությունների վրա եւ որ նրանց կոչերը լինեն հասցեագրված, դրանք պետք է կոնկրետ հետեւանք ունենան:
Հնարավոր է, որ այդ դեպքում Ադրբեջանի ագրեսիան ինչ-որ կերպ կմեղմվի: Համապատասխան միջազգային կառույցները պետք է ճիշտ գնահատական տան իրավիճակին»:
Orer.am-ը, կիսելով վիշտը, ցավակցում է մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին:
Սոսե Չանդոյան