Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սկսելու համար ռեսուրսեր չունի. Գագիկ Հարությունյան
ПолитикаԱդրբեջանը չունի մարդկային, ռազմական և քաղաքական ռեսուրսներ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Այնպես որ, ես հույս ունեմ, որ սահմանային լարվածությունը պատերազմի չի վերածվի: Ակնկալում եմ նաև, որ այն «ձնհալը», որն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդհանուր եզրեր կգտնեն հակամարտությունը խաղաղ կարգավորման ճանապարհով տանելու և գործը պատերազմի չհասցնելու համար»,- ընդգծեց Հարությունյանը:
Նա նաև շեշտեց, որ այս պահին Ադրբեջանին պատերազմը ձեռնտու չէ այն առումով, որ Ադրբեջանում սկսել են գլուխ բարձրացնել ծայրահեղական գաղափարախոսություն ունեցող ուժեր, որոնք սպառնում են տապալել Ալիևի իշխանությունը, իսկ նրանց դեմ պայքարելու համար լուրջ ռեսուրսներ են հարկավոր:
Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող պատերազմի մեջ մտնել Հայաստանի հետ և միևնույն ժամանակ պայքարել ծայրահեղական ուժերի դեմ: «Ես նաև այն կարծիքին եմ, որ ընտրություններից առաջ Ալիևը սահմանին լարվածություն է ստեղծում այդ ծայրահեղական ուժերին ցույց տալու համար, որ ինքն էլ նրանցից պակաս ծայրահեղական չէ»,- եզրափակեց քաղաքագետը: