ԵԱՀԿ Մինսկի համանախագահների դեկլարատիվ հայտարարությունները բան չեն փոխի. Լյուդմիլա Սարգսյան
ПолитикаԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոյին) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպշիկին։ Տեղեկանալով հայ-ադրբեջանական սահմանային լարումների մասին՝ նա խստորեն դատապարտել է վերջին էսկալացիան՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով բոլորին առավելագույն զսպվածություն դրսևորել և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, այլապես ԵԱՀԿ-ն կդիմի զսպման մեխանիզմների կիրառմանը։
ԵԱՀԿ հերթական լղոզված հայտարարության վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ, ով նշեց, որ ԵԱՀԿ-ն մշտապես փորձում է հավասարության նշան դնել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ` չկոնկրետացնելով, թե զսպման մեխանիզմները ում դեմ պետք է իրականում կիրառվեն: «ԵԱՀԿ-ի կողմից արված այս հայտարարությունը հասկանալի է, քանի որ նրանք փորձում են կոնֆլիկտը կարգավորել եւ չեն կարող միակողմանի դիրքորոշում ունենալ, բայց տվյալ դեպքում ակնհայտ է, որ հրահրող կողմն Ադրբեջանն է: Նման դեպքում նրանց զսպման մեխանիզմների մասին գաղափարը պետք է ուղեկցվեր նաեւ կոնկրետ կողմին ուղղված որոշակի մեղադրանքներով, եւ եթե անգամ ոչ մեղադրանքներով, ապա` կոչով: Ադրբեջանը խախտում է հրադադարի պայմանագիրը, որն ըստ էության մշտապես է խախտվել, սակայն այսօր տվյալ պետությունն արդեն շատ ավելի մասշտաբային քայլերի է գնում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե համանախագահներն այդքան մտահոգ են, պետք է հստակ նշեն, թե ով է իրականում իրականացնում դիվերսիոն գործողություններ եւ ով է հրահրում սահմանային լարվածություն եւ ինչի արդյունքում են զոհվում մեր երիտասարդները: «Իհարկե, ադրբեջանական կողմից եւս երիտասարդներ են զոհվում: Եթե այս իրավիճակում համապատասխան կառույցներն ի վիճակի չեն խնդիրը կարգավորելու կամ գոնե փորձել տեսնել լարվածության պատճառները, ապա նման դեկլարատիվ հայտարարությունները բան չեն փոխի»,- ասաց նա:
Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ լարվածությունը սահմանին մեծացնելու համար՝ փորձելով պոկել հայկական կողմից այն, ինչ իրեն անհրաժեշտ է: «Նման գործելաոճով Ադրբեջանը փորձում է նաեւ պարտադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ խնդրը լուծվի հօգուտ իրեն: Կարծում եմ, որ համանախագահները հստակ պետք է հասկանան, որ դա ճնշում է իրենց վրա, եւ եթե իրենք պատրաստ են միակողմանի ճնշումներին տեղի տալու, ապա այդ դեպքում մեզ համար այդ ձեւաչափը գործնականում անհրաժեշտ չի լինի»,- նկատեց Լ. Սարգսյանը՝ ուշադրությունը հրավիրելով հայկական կողմի գործողություններին եւ դիվանագիտական քայլերին:
«Մենք մինչ օրս մշտապես պնդել ենք, որ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Մինսկի խմբի շրջանակներում, բոլոր բանակցությունների ընթացքում կոչ է արվել գնալ փոխզիջումների, սակայն փոխզիջման գնալ դեռեւս չի նշանակում, որ մի կողմը պետք է տուժի, իսկ մյուսը կողմը շահի ամեն հարցում: Ինձ համար նմատիպ հայտարարությունները վաղուց են արժեզրկվել եւ ես կուզեի ավելի գործուն քայլեր տեսնել Մինսկի խմբի կողմից, որն էլ առ այսօր տեսանելի չեն: Եթե ռմբակոծությունները Տավուշի մարզում եւ Արցախում չեն դադարում, ապա ես կարծում եմ, որ այստեղ մեղքի իր լրջագույն բաժինն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք թույլ չենք տա, որ նման կերպ փորձեն մեզ վրա ճնշում գործադրել»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Սոսե Չանդոյան