ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարևանների կողմից Հայաստանի անօրինական շրջափակման մասին
ПолитикаՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հարևանների կողմից անօրինական կերպով Հայաստանի շրջափակման վրա: Նախագահ Սարգսյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում, շեշտել է դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: «Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանը կարևորում է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: «Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում»,-նշել է ՀՀ Նախագահը:
Նրա խոսքով` միասնական և համարժեք գործողությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: