Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ
ПолитикаՎարշավայում սեպտեմբերի 30-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունների միջև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը և միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Լեհ դիվանագետի խնդրանքով Կարեն Նազարյանը խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային այլ զարգացումների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման կարևորությանը:
Անդրադարձ է կատարվել նաև դինամիկ զարգացող երկկողմ մշակութային գործընկերությանը: Խորհրդակցությունների շրջանակում Կարեն Նազարյանը և Կոնրադ Պավլիկը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև 2015-2018թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
Վարշավայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև տնտեսական համագործակցության հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:
Նույն օրը Կարեն Նազարյանն իր լեհ գործընկերների հետ մասնակցել է Վարշավայի «Զամեկ Կրոլեվսկիում» ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգին և ընդունելությանը: