Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հարցում համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ
ПолитикаՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռորբետ Քոչարյանի հետ առ այն, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրում ձևավորվելու է միակուսակցական համակարգ, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ միշտ հարգանքով է վերաբերել ՀՀ երկրորդ նախագահին և հիմա էլ շարուն ակում է հարգանքով վերաբերել, սակայն, սահմանադրական բարեփոխումների հարցում իրենց տեսակետներն էականորեն տարբերվում են:
«Մենք խորապես համոզված ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը շատ ավելի լայն հանարավորություններ է բացելու մեր երկրի զարգացման համար և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհի վրա է դնելու երկիրը»,- նշեց Վարդանյանը:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են՝ ընդգծելով, որ ներկա դարաշրջանում բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը:
«Եվ ընդհակառակը` խորհրդարանական կառավարման համակարգը որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի հնարավորություն է տալու, և ցանկացած, նույնիսկ տեսականորեն հնարավոր մեծամասնություն ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար գործընթաց է, բայց մեր երկրում ստեղծելու է նաև նոր քաղաքական մշակույթ: Ես վստահ եմ` կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք»,- ասաց Վարդանյանը:
Հարցին` բացառո՞ւմ է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կարող է հավաքել 75 տոկոս ձայն, Աղվան Վարդանյանը պատասխանեց.
«Եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, մենք շատ լարված ու ծանր աշխատանք ունենք անելու` ընտրական օրենսգրքի հետ կապված: Եթե մենք կարողանանք նաև լավ ընտրական օրենսգիրք ընդունել, ես տեսականորեն բացառում եմ, որ համամասնական ընտրակարգի պարագայում կարող է որևէ կուսակցություն նման մեծամասնություն ունենալ»: