Ո՞ր օլիգարխներին է Հովիկ Աբրահամյանը հանել ստվերից
ПолитикаԽոսելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին զարգացումների եւ տնտեսական մի շարք կարեւոր հարցերի մասին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ իշխանություններն իրենք են դիմել հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը՝ ՀԷՑ-ը գնելու համար: «Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր քայլ էր մեր կողմից: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում բոլոր կորուստները հասցվելու են նվազագույնի, քննվելու են բոլոր այն ֆինանսական չարաշահումներն ու թալանը, որոնց մասին դուք խոսում եք, և եթե այդպիսի բաներ եղել են: Ես այս գործարքը համարում եմ շատ ճիշտ և ժամանակին»,- նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ կառավարությունը և Սամվել Կարապետյանը մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը 50/50 սկզբունքով փոխհատուցելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը. «Մենք սուբսիդավորելու ենք 604 հազար ընտանիքների: Ընդհանուր առմամբ` մենք ունենք 766 հազար ընտանիք բաժանորդներ: Տարվա կտրվածքով դա կազմելու է 7-8 միլիարդ դրամ, որը մենք միասին վճարելու ենք: Դա մեծ օգնություն կլինի մեր հասարակությանը»,- հավելեց վարչապետը:
Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի ակտիվությանը եւ պատասխանելով այն հարցին թե արդյոք Ռ. Քոչարյանի վերադարձը սպառնալիք չէ իշխանության համար, վարչապետը նշեց. «Ես որեւէ սպառնալիք չեմ տեսնում որեւէ քաղաքական ուժի։ Որեւէ անհատի մասնակցություն որեւէ ընտրություններում շատ նորմալ եմ համարում։ Ընտրում է ժողովուրդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի մասնակցել, նույնիսկ անհատ։ Եթե ցանկություն ունեն, մենք խանգարելու, խոչընդոտելու իրավունք էլ չունենք։ Ես կարծում՝ դա ավելի զգոնություն կբերի և մենք կփորձենք մեր ուժերը համախմբել և գնալ առաջ»։
Խոսելով տնտեսական աճի մասին եւ պատասխանելով Orer.am-ի այն հարցին, թե մինչ օրս քանի օլիգարխ է դուրս բերվել ստվերից, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ֆինանսների նախարարն ինձ զեկուցել է, որ կիսամյակի ընթացքում ստվերից ստացած լրացուցիչ եկամուտ ունենք, որը կազմում է 20 միլիարդ դրամ: Դա շարունակական գործընթաց է եւ մենք շարունակելու ենք պայքարել: Աշխատելու ենք հաջողություններ գրանցել»:
Սակայն, թե որ օլիգարխներին է վարչապետը հանել ջրի երես, Հովիկ Աբրահամյանը չցանկացավ անվանական նշել:
Սոսե Չանդոյան