«Իդիոտից» մինչեւ «մենաստանի տիրուհին». Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիրներին տեղը դրեց
ПолитикаԱյսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. ծրագրի քննարկման ժամանակ, Հ1-ի գործելաոճը որակավորեց որպես «իդիոտիզմ»: Ըստ նրա՝ հասարակությանը պարզապես չի կարելի հեռու պահել երկրում տեղի ունեցող իրադարձություններից, գլոբալ առումով ներքաղաքական զարգացումներից: Բացելով իդիոտ բառի իմաստը պատգամավորը նշեց. «Իդիոտիզմ բառը առաջացել է աթենյան ժողովրդավարության ժամանակ ու բնութագրել է այն մարդկանց, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ ու մասնակցություն չունեն հանրային գործերում: Դա է իդիոտ բառի ստուգաբանությունը: Հանրային հեռուստաընկերության առաջնային խնդիրը, որպեսզի իդիոտ հասարակություն չունենանք, պետք է հաղորդել քաղաքական ճշգրիտ տեղեկություն: Այդ գործառույթը Հանրայինը չի կատարում, այլ հակառակն ենք տեսնում, որ նա իր վրա վերցրել է իդիոտացնելու առաքելությունը՝ ինչքան հնարավոր է մարդկանց հեռու պահել քաղաքականությունից: Եթե անգամ հանրայինն անդրադառնում է քաղաքականությանը, ապա հիմնական գործառույթը իշխանության պաշտպանությունն է ու ընդդիմության վարկաբեկումը: Սա է Հանրայինի քաղաքական առաքելությունը»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արձագանքելով Լ. Զուրաբյանի ելեւյթին իդիոտ բառը թարգմանելով հայերեն ասաց. ««Իդիոտի» հայերեն հոմանիշը «ապուշն» է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից և «ուշ» վերջածանցից և նշանակում է անուշադիր»,- ընդգծեց պատգամավորը հավելելով. «Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Ես էլ նրանց ասում եմ, որ պետք է, հակառակը, իրենց լավ զգան, քանի որ մեր գործը իրենք են կատարում, երբ երևում են, իսկ մեզ քիչ բան է մնում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Իր խոսքի ժամանակ ՀՀԿ խմբակցության եկավարը անդրադարձ կատարեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին, որը վերաբերվում էր սահմանադրական փոփոխություններին. «Այստեղ քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին: Գիտեք, մենք ցանկանում ենք, որ հանրությունը տեսնի այդ ելույթը, որ այն անպայման հեռարձակվի, որ մարդիկ հասկանան, թե ում են ուղարկել Ազգային ժողով: Թեպետ եթե նրան ցուցադրեն, ապա անշուշտ, հեռուստաընկերության ռեյտինգը կընկնի»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Սոսե Չանդոյան