Թունիսյան ծաղկային հեղաշրջումներից մինչև Նոբելյան մրցանակաբաշխություն
Международные новостиՀյուսիսային Աֆրիկայում գտնվող Թունիսի Հանրապետությունը 2015-ի տվյալներով 11 մլն բնակչություն ունի: Երկրի պատմությունը բավական հետաքրքիր և բովանդակալից է: Սկզբում այն Հռոմեական կայսրության տիրապետության տակ է եղել, ապա 16-րդ դարավերջին դարձել է Օսմանյան կայսրության նաhանգներից մեկը, իսկ 19-րդ դարավերջին հսամալրել ֆրանսիական գաղութային կայսրության կազմը: 1954-ին Ֆրանսիայի կողմից Թունիսին տրվել է ներքին ինքնավարություն, իսկ երկու տարի անց Ֆրանսիան ճանաչել է նրա անկախությունը: Անցյալ դարի կեսերին անկախացած Թունիսի Հանրապետությունը երկար տարիներ դե-ֆակտո ղեկավարվել է միակուսակցական համակարգի կողմից, որը հետագայում դե-յուրե վերանվանվելով Սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կուսակցություն, շարունակել է «զարգանալ» նույն միապետական համակարգի ներքո:
1987 թվականին Թունիսում «Հասմիկի հեղաշրջում» կազմակերպելուց հետո գահընկեց արվեց «անմահ» Հաբիբ Բուրգիբան: Տեղի ունեցավ իշխանափոխություն, որի ղեկը ստանձնեց Բեն Ալին, ով երկրում բազմակուսակցական ժողովրդավարական կարգեր հաստատելու փոխարեն շարունակեց երկիրը կառավարել նախկին ոգով: 2011 թվականին երկրում սկսվեցին անկարգություններ հրահրվել, որի հետևանքով տեղի ունեցավ նույն անունը կրող երկրորդ ծաղկային հեղափոխությունը: Երկրի նախագահ Բեն Ալին, թողնելով նախագահի աթոռը, փախավ երկրից: Երկրորդ հեղաշրջումից՝ 2011 թվականից մինչև 2014 թվականը Թունիսն «ապրել» և «զարգացել» է երկրում պաշտոնապես հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
Թունիսի Հանրապետության ղեկավարը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է, ով ընտրվում է համաժողովրդական ընտրությունների արդյունքում՝ 5 տարի ժամկետով: Վերջին ընտրությունների ժամանակ՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին, Թունիսի նախագահ է ընտրվել Բեջի Սաիդ Էսեբսիը: Նոր նախագահի ընտրվելուց հետո երկրում տեղի ունեցած ամենաաղմկահարույց դեպքը 2015թ. մարտին տեղի ունեցած Թունիսի մայրաքաղաքում գտնվող «Բորդո» թանգարանի վրա իրականացված հարձակումն էր, որտեղ, լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ պահին 200 մարդ էր եղել:
Թունիսի անցած «ուղուց» կարելի է ենթադրել, թե ինչու է նոր նախագահի ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս անց որոշում կայացվել 2015 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել «Թունիսի ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը: Թունիսում 2011 թվականին երկրորդ անգամ «Հասմիկի հեղափոխություն» կազմակերպելուց և այն չորս տարի արտակարգ դրության պայմաններում պահելուց հետո հեղափոխության հեղինակներին փաստորեն հաջողվել է պլյուրալիստական ժողովրդավարություն հաստատել երկրում և այդ գործում վճռորոշ ավանդ ներդնելու համար Նոբելյան մրցանակի արժանացնել 2013 թվականին ձևավորված «Քառյակ» կոչվող քաղաքական միավորման անդամներին: Ի դեպ, Նոբելյան կոմիտեի արձանագրության համաձայն, «Քառյակը» ստեղծվել է 2013 թվականին, երբ այսպես ասած դեմոկրատացման գործընթացները կործանման սպառնալիքի տակ են հայտնվել քաղաքական սպանությունների և քաղաքացիական ելույթների ալիքի հետևանքով: «Այդ ժամանակ «Քառյակին» հաջողվել է կանգնեցնել բռնության ալիքը»,- ասվում է արձանագրությունում:
Հ.Գ. Ծաղկային և գունային տարբեր երանգներ ունեցող հեղափոխությունները սկսվում են նույն պահանջների ֆոնի վրա, բայց ավարտվում են տարբեր սցենարներով, իսկ այն գործիչները, ովքեր ավելի լավ են կատարել իրենց առջև դրված խնդիրները, նրանք էլ նվաճում են մրցանակներն ու մեդալները:
Ա.Գրիգորյան