Ինդոնեզիան ու Հայաստանը հակված են խորացնել հարաբերությունները մի քանի ուղղություններով
ПолитикаԻնդոնեզիայի և Հայաստանի միջև տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական համագործակցության ակտիվացման հեռանկարն է ինդոնեզական առաջին բարձրաստիճան պատվիրակության այցի նպատակներից ամենակարևորը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ինդոնեզիայի խորհրդարանիՏարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ ԻրմանԳուսմանը, եթե մինչ այժմ երկու երկրների միջև առևտրային կապերը եղել են միջնորդավորված, ապա այսուհետև նրանք ցանկանում են տեսնել ուղղակի փոխգործակցություն տնտեսության ոլորտում:
«Մենք Ինդոնեզիայում ունենք նավթ, մեզ մոտ զարգացած է պաշտպանական ապրանքների արդյունաբերությունը, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանին: Իհարկե, մենք էլ կարիք ունենք մի կառույցի, որը մեզ կտրամադրի տեղեկություններ Հայաստանում մրցակցային ապրանքների վերաբերյալ, որոնք կարող են գրավիչ լինել Ինդոնեզիայում: Այսպիսով, մենք կկարողանանք զարգացնել երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն առանց երրորդ կողմի»,-ասաց ինդոնեզացի պաշտոնյան:
Նա նշեց, որ բավարարված է Հայաստանի և Ինդոնեզիայի հարաբերությունների ներկա դրությամբ, սակայն և խորհրդարանական, և գործադիր իշխանության մակարդակներում դրանք առավել զարգացնելու ներուժ է տեսնում:
Իրման Գուսմանի կարծիքով` անհրաժեշտ է նաև սերտացնել գործակցությունը միջազգային դիվանագիտության ասպարեզում, որպեսզի տարբեր հարցերի շուրջ երկու կողմի դիրքորոշումները լինեն համընկնող: «Դրանից կշահեն ոչ միայն երկու պետությունները, այլև ողջ տարածաշրջանը: Հայաստանում ունեցած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում եկել ենք այն ընդհանրական մոտեցման, որ ցանկանում ենք մեր հարաբերությունները տեսնել ավելի բարձր մակարդակի վրա, ունենալ լիակատար փոխըմբռնում, գործակցել ու աջակցել միմյանց տարբեր հարթությունների վրա»,-ավելացրեց Ին դոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահը:
Նա վերահաստատեց, որ Հայաստանն ու Ինդոնեզիան նախատեսում են ազատ մուտքի արտոնագրային համակարգին անցումը կամ առնվազն դիվանագիտական ու կառավարական անձնագրերի տրամադրումը, որը կհեշտացնի երկու երկրներում ճանապարհորդողների կյանքը: «Այն ենթադրում է, որ մենք կարիք չենք ունենա կրկին դիմել մուտքի արտոնագրի համար, եթե արդեն մեկ անգամ այցելել ենք Հայաստան»,-հայտնեց պաշտոնյան:
Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը և նրան ուղեկցող 21 հոգուց բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 13-ին հյուրընկալվել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: