«Ալաշկերտ»-ը մրցաշրջագայության կմեկնի ԱՄՆ
СпортՀայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավեր է ստացել՝ մրցաշրջագայություն կատարելու այդ երկրում: Արմենպրես-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը: Նախատեսվում է, որ թիմն ԱՄՆ կմեկնի 2016 թ. հունվարի վերջին: Ուղևորության հագեցած ծրագրում նախատեսված են ընկերական հանդիպումներ ամերիկյան թիմերի հետ: Ակումբի անդրօվկիանոսյան խաղային ծրագրի հարցերով զբաղվում է հանրահայտ ամերիկյան ''Ventura County Fusion'' կազմակերպությունը, որը ֆուտբոլային ծրագրերի իրականացման ոլորտում լայնածավալ գործունեություն է կատարում:
«Ալաշկերտ»-ի ընկերական միջազգային խաղերի ծրագիրն առայժմ վերջնականապես հստակեցված չէ, սակայն արդեն հայտնի է, որ առաջին խաղը թիմը կանցկացնի Ֆրեզնոյում՝ Մեքսիկայի Պրիմերա դիվիզիոնի (առաջին մակարդակ) թիմերից մեկի հետ: Երկրորդ հանդիպումն ալաշկերտցիները կանցկացնեն ԱՄՆ-ի Սան Ջոուս քաղաքում և կմրցեն MLS-ի (առաջին մակարդակ) թիմերից մեկի հետ: Շատ հնարավոր է, որ մրցակիցը լինի հենց այդ քաղաքի թիմը, որը հանդես է գալիս MLS-ի Արևմտյան Կոնֆերենցիայում: Ըստ ծրագրի՝ նախատեսված է անցկացնել ևս մեկ հանդիպում: Մոտակա ժամանակում հայտնի կդառնա մրցակցի ան ունը: Սպասվում է, որ դա կլինի MLS-ի Արևմտյան Կոնֆերենցիայի առաջատարներից մեկը՝ «Լոս Անջելես Գալաքսին»:
«Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը Երևան կվերադառնա փետրվարի սկզբներին, այնուհետև կմեկնի Անթալիա՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի: