ՀՅԴ-ն առաջարկում է ընտրատեղամաս ներկայանալ համապատասխան տեղեկանքով
ПолитикаՀՀ Ազգային ժողովում շարունակվում է «Նույնականացման քարտերի մասին» եւ «Ընտրական օրենսգրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի քննարկումը, որի ընթացքում իր ելույթի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը շատ կարեւոր նշանակություն ունի: Դրանով 180 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ հնարավորություն են ստանում մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտերով, բայցեւայդպես, հարկավոր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կրկնակի քվեարկությունից խուսափելու համար, քանի որ նույնականացման քարտերը չեն դրոշմակնքվելու: Մենք կողմ կլինենք ցանկացած նախաձեռնության, որը կապահովի հանրաքվեի լեգիտիմությունը, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, ովքեր «այո» կասեն սահմանադրական բարեփոխումներին, վստահեն նաեւ քվեարկության արդյունքներին»,- հայտարարեց Ա. Մինասյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավորն առաջ քաշեց իրենց խմբակցության կողմից արված առաջարկները, որոնք իրենց կողմից ներկայացվել են օրենսդրական նախաձեռնությունն ավելի լավը դարձնելու համար: «Մենք առաջարկում ենք, որպեսզի նույնականացման քարտով քվեարկության գնացող քաղաքացին ներկայանա համապատասխան տեղեկանքով, որ հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց թույլ կտա համոզվել, որ քվեարկության ներկայացել է նույն անձը: Եվ կարելի է հենց այդ տեղեկանքի վրա էլ դնել դրոշմակնիքը, որ այդ անձն արդեն քվեարկությանը մասնակցել է»,- ասաց Մինասյանը:
Նկատենք, որ ՀՅԴ-ն դեմ չէ հանրաքվեին մասնակցող քաղաքացիների մատները թանաքոտելուն, քանզի, ըստ Արծվիկ Մինասյանի, դա զարգացած երկրներում ընդունված տարբերակ է: «Այդ մեթոդը կիրառվում է շատ երկրներում եւ արդյունավետ գործում է, ուստի կարելի է նույնականացման քարտերով քվեարկողների մատները թանաքոտել, ինչը կվկայի այն մասին, որ նա մասնակցել է քվեարկությանը եւ երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն չի ունենա: Ես կարծում եմ, որ այս քայլին կարելի է գնալ այս փուլում, բարձրացնել հանրության վստահությունը եւ հնարավորություն չտալ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողներին, որպեսզի հասարակությանը բարեփոխումներին դեմ տրամադրեն»,- ասաց պատգամավորը:
Սոսե Չանդոյան