«Ոչ»-ի ճակատի հանրահավաքը սակավամարդ էր. չկայացավ նաև հանրահավաքից հետո նախատեսված երթը
ПолитикаԱզատության հրապարակում սահմանադրական բարեփոխումներին դեմ «ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ, ավարտվել է: Հատկանշական է, որ չկայացավ նաեւ նախապես հայտարարված երթը, որի մասին կազմակերպիչները նախօրոք իրազեկել էին Երևանի քաղաքապետարանին:
Հանրահավաքը մեկնարկեց հայտարարված ժամից զգալի ուշացումով:
Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ովքեր ներկայացրեցին իրենց հետագա անելիքները:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները հանրահավաքի ավարտին հայտնեցին, որ «Ոչ»-ի շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա երեք շաբաթ անց:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Ազգային ժողովի երկու խոշոր ուժեր` «Հանրապետական» եւ ԲՀԿ խմբակցությունները աջակցում են փոփոխությունների անցկացմանը, նրանց է միացել նաև «Դաշնակցություն» խմբակցությունը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները: