Օրը 12 ժամ՝ ուղիղ եթերում. կուսակցությունները ողջունում են
ПолитикаOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ կազմակերպել է Հայաստանում իր տեսակով և ձևաչափով նոր ռեալիթի շոու: Շոուի շրջանակում քաղաքական տարբեր թևերի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու Հայաստանի ողջ տարածքով շրջել և շփվել մարզերի բնակիչների հետ, ներկայացնել իրենց դիրքորոշումը: Փաստորեն, այս ռեալիթի շոուն քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի 20-22 օր շարունակ, յուրաքանչյուր օրվա ուղիղ կեսն օգտագործել և առանց որևէ սահմանափակման ուղիղ եթերում ներկայանալ ու ներկայացնել սեփական կուսակցության դիրքորոշման հիմքերը, «այո»-ի կամ «ոչ»-ի շուրջ բանավիճել միմյանց հետ, համոզել միմյանց կամ ընդհակառակը:
«Ոչ»-ի դաշտում գործունեություն ծավալող ԱԻՄ կուսակցության ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն ընդհանրապես բաց քննարկումներին մշտապես կողմ է արտահայտվում և սեփական խոսքը ժողովրդին ուղիղ կերպով հասցնելու ցանկացած ձևաչափ ընդունելի է իրենց համար: «Լավ բան են նախաձեռնել և այս պահի դրությամբ ցանկացած խոսք, որը կարելի կլինի ուղղել լսարանին, անշուշտ, ողջունելի է: Ես այդ նախաձեռնությանը նորմալ եմ վերաբերվում»,- ասաց Ա.Վարդանյանը: Իսկ հարցին, թե արդոք պատրա՞ստ է նման ձևաչափով մասնակցելու կազմակերպված քարոզարշավին, Ա.Վարդանյանն ասաց, որ եթե շոուի կազմակերպիչներն իրենց կուսակցությանը մասնակցության ժամանակացույց ուղարկեն, բնականաբար, իրենք իրենց լիազոր ներկայացուցիչներին կուղարկեն մասնակցելու այդ շոուին:
«Ոչ»-ի ակտիվ քարոզով զբաղված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Orer.am-ին փոխանցեց, որ նախաձեռնությանը նորմալ է վերաբերվում, բայց դրան անձամբ մասնակցել չի կարողանա, քանի որ այլ պարտականություններ ունի: Հարցին, թե եթե ինքը զբաղված է, բայց կուսակցությունը առհասարակ դեմ չէ՞, որ իրենց անդամները նման ձևաչափով քննարկումներին մասնակցեն, քաղաքական գործիչն ասաց. «Հրավիրող կողմը պետք է որոշի՝ ում է հրավիրում: Մեզ համար ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի: Եթե հրավեր լինի, որևէ խնդիր չկա»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
«Այո»-ի կողմնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ տեղյակ է, որ նման նախաձեռնություն կա, իսկ ինքն անձամբ կմասնակցի նման շոուին, թե ոչ, դժվարացավ պատասխանել: «Դրական ենք վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Այո»-ն պետք է քարոզենք, բա ի՞նչ պետք է անենք: Մենք շտաբ ունենք, պետք է դիմեն շտաբին և շտաբի հետ միասին որոշեն»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն էլ Orer.am-ին փոխանցեց, որ թեև ինքը տեղյակ չէ, որ նման ձևաչափով ռեալիթի շոու է կազմակերպվելու, սակայն սկզբունքորեն դեմ չի լինի դրան մասնակցել և եթե լինի առաջարկ, ապա կուսակիցների հետ քննարկելուց հետո վերջնական որոշում անպայման կկայացնի: «Մենք պատրաստվում ենք Հայաստանի բոլոր մարզային մեր գրասենյակներում հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել, բուկլետներ բաժանել: Այսինքն, այն, ինչ հնարավոր է, անելու ենք: Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա երբևիցե չեմ խուսափել և միշտ էլ պատրաստ եմ եղել բանավեճերին մասնակցել: Բայց եթե տարբեր թևերի ներկայացուցիչների հետ միասին այցելություններ կազմակերպելու մասին խոսք լինի, ապա այդտեղ մտածելու խնդիր կլինի, քանի որ չեմ կարծում, որ օրինակ՝ մեր կուսակցական ակտիվի և այլ տեսակետ ունեցող անձանց հանդիպումը հղի չի լինի ուրիշ հետևանքներով»,- ասաց Ն. Գալստյանը:
Օրը 12 ժամ ուղիղ եթերում մարդկանց հետ շփվելու, զրուցելու գաղափարը քաղաքական գործչի կարծիքով նոր է ու շատ լավը, քանի որ քարոզարշավի ժամանակ մարդիկ ուղիղ եթերում կտեսնեն, թե ով ինչպես է հիմնավորում իր կարծիքը:
Արմինե Գրիգորյան