ՌԴ-ը կշարունակի ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Մատվիենկո
ПолитикаՌուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վերահաստատեց, որ ՌԴ-ն պատրաստ է ջանք ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Մատվիենկոն նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաերկարատևն է, որն արդեն շարունակվում է գրեթե 30 տարի: «Այն, իհարկե, ոչ մի կողմին էլ լավ բան չի տալիս ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ էլ հումանիտար ոլորտներում: Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հայտնի է. Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերն է գործադրում Մինսկի խմբի համանախագահների գործունեության շրջանակներում` և երկկողմ, և բազմակողմ հարթություններում: Ցավոք, կարգավորման որոշումը դանդաղում է, բայց այս հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել խաղաղ, միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով` առանց ուժի գործադրման»,-ասաց Վալենտինա Մատվիենկոն` հավելելով, որ հետագայում էլ ջանք կգործադրեն խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: