ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Հերբերտ Զալբեր
ПолитикаԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրոպական Միության խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների մանդատի տրամադրումը: Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում կմշակվի մի փաստաթուղթ, որը կարտացոլի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ հարաբերություն ների նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը և կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։