Յոզեֆ Բլատերը բժիշկների հսկողության տակ է
СпортՄիջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության գործող նախագահ Յոզեֆ Բլատերը տեղափոխվել է հիվանդանոց և բժիշկների հսկողության տակ է:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: Շվեյցարացու հետազոտությունը կշարունակվի մոտ 10 օր: «Բլատերն այժմ մեծ ճնշման տակ է, ինչը երիտասարդ մեկի համար անգամ դժվար կլիներ»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահի խորհրդականը:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի շտաբ-գրասենյակում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար: Յոզեֆ Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ:
ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին: