Վարդան Այվազյանը վրդովված տոնով է հարցադրումներ անում Գագիկ Բեգլարյանին
ПолитикаԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, որ նախատեսվող ծրագրերի շրջանակներում կատարվելու են աշխատանքներ՝ միտված միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, ամառային պահպանության աշխատանքներին, պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը, կամուրջների բարելավմանը: Իսկ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագրի իրականացման համար, ըստ նախարարի, կներդրվի 7 ծրագիր, այդ թվում՝ 1 վարկային միջոց, որն ամբողջությամբ կկազմի 14.7 միլիարդ դրամ:
Քննարկման ժամանակ նիստը վարող տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարց ուղղեց նախարարին՝ կապված Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության վերաբերյալ, թե ինչու է Հայաստանի երկաթուղային փոխադրումը տարածաշրջանում ամենաթանկը՝ մոտ հինգ անգամ թանկ: «Ինչի՞ց ելնելով է բարձրացել երկաթուղու փոխադրման գինը, չէ՞ որ դա փոխհատուցում է պետությունը»,- բավական վրդովված հետաքրքրվեց Վ. Այվազյանը:
Հարցին ցանկանում էր պատասխանել ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, սակայն Գ. Բեգլարյանը որոշեց անձամբ արձագանքել: «Ինքս էլ կարող եմ պատասխանել: Ուղղակի Վարդան Այվազյանը վրդովված է, թող իր հարցը վերջացնի, ես կպատասխանեմ»,- ասաց նախարարը՝ հարցն ամբողջությամբ լսելուց հետո: «Կա կազմակերպություն, որը կոնկրետ զբաղվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցով, սակայն դա ենթադրում է հսկայական ծավալի աշխատանք, շարունակական բանակցություններ: Ինչ վերաբերում է երկաթուղային ուղեւորափոխադրումների գներին, գների հետ կապված լուրջ քննարկումներ են եղել, լուծումների մի փաստաթուղթն էլ ուղարկվել է խորհրդարան»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Նախարարի խոսքին Վարդան Այվազյանն արձագանքեց՝ ասելով, որ այն հանձնաժողովը, որն ինքն է ղեկավարում, նման փաստաթուղթ չի ստացել:
Սոսե Չանդոյան