Ռուբեն Հայրապետյանը ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ է տալիս զբաղվել տուրիստական գործունեությամբ
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է «Հայկական առաջին ճակատի» պահանջներին:
«Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ, օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով: Լավ կլինի, որպեսզի ՖԱՖ կոչվող խմբակը գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրան ք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությու նների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից: ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»,-Հայրապետյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:
ՖԱՖ-ը ավելի վաղ երեք պահանջ էր ներկայացրել ՀՖՖ-ին` մարզչի փոփոխության, ֆուտբոլիստների հավաքական հրավիրելու և տոմսերի թանկացման վերաբերյալ: