Հայաստանում ընտրությունները վերածվել են թատրոնի. Զարուհի Փոստանջյան
ПолитикаԱԺ-ում նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բավական բացասական արտահայտվեց՝ հայտարարելով, թե Հայաստանում ընտրությունները վերածվել են թատրոնի: «Նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել ընտրություններին, իսկ նրանց մասնակցությունը կնշվի ընտրական ցուցակներում: Մենք գնում, քվեարկում ենք, բայց մեր քվեն տեղ չի հասնում, որովհետեւ Հայաստանում շուրջ քսան տարի ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվում: Տեղի է ունենում այս կամ այն անձի նշանակում»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց նաեւ, որ ամբողջական պատկեր ունենալու եւ հաջողություն գրանցելու համար «Ոչ»-ի ճակատը պետք է համառ պայքար տանի, «այլապես պարոն Մուկուչյանը մի քանի ժամ կխափանի համակարգը, գեղեցիկ կնկարի «այո»-ները: «Դրա համար մենք պետք է ցույց տանք մեր ուժը, բողոքենք, բողոքենք համընդհանուր: Բողոքը պետք է տեղի ունենա մի քանի օր շարունակ, մինչեւ դեկտեմբերի 6-ը եւ դրանից հետո եւս, որպեսզի կարողանանք հասնել իրական համակարգային փոփոխության: Թե չէ ուզում եք հանրաքվե անցկացրեք, ուզում եք կարգերը փոխեք, ոչ մեկիս կյանքն այս փոփոխություններով չի բարելավելու»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի ելույթից անմիջապես հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ հարկավոր է խոսել խնդրին առնչվող բուն թեմայից, այլ ոչ թե հնարավոր ամեն ինչից: «Մենք անում ենք հնարավորը, մեր ընդդիմադիր գործընկերների հետ միասին, որ մեր բազմահազար քաղաքացիները ստանան սահմանադրական իրավունք` իրականացնելու հանրաքվեի իրավունքը։ Մարդիկ պետության կառավարումից են խոսում: Այ հարգելինե´րս, մի կուսակցություն, մի խմբակցություն չկարողացաք ղեկավարել, մի կուսակցություն փոշիացրեցիք, դուք ուր, կառավարման համակարգն ուր»,- ասաց Է. Շարմազանովը:
Սոսե Չանդոյան