Սահմանադրական բարեփոխումները խթանելու են խոշոր կուսակցությունների ձևավորումը մեզանում. ՀՀ վարչապետ
ПолитикаՍահմանադրական բարեփոխումներն անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է ժողովրդավարական, ազատ, բայց միաժամանակ լավ կազմակերպված հասարակություն և լավ կամակերպված ու արդյունավետ պետական համակարգ ունենալու համար: Դրան հասնելու ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են: Այդ մասին մարզահամերգային համալիրում տեղի ունեցած երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կառավարման խորհրդարանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարացման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ո՛չ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները: Պետք է հավատալ ժողովրդին և հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում: Ոմանք ասում են (նաև անձամբ ինձ են ասում), թե խորհրդարանական համակարգը սկզբունքորեն վատը չէ, բայց մեր կուսակցությունները, մեր հասարակությունը պատրաստ չեն նման քայլի: Իմ պատասխանը հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատր աստ լինելու»:
Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղն առավել ևս պատրաստ չենք լինի: Մարտահրավերներին պետք է դիմակայել, խոչընդոտները պետք է հաղթահարել, հարցերին պետք է պատասխաններ գտնել: Ո՛չ թե արդարացումներ հորինել, թե իբր պատրաստ չենք: Այդպես մենք ոչ մի բանի պատրաստ չենք լինի»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հենց սահմանադրական բարեփոխումներն են, որ խթանելու են խոշոր և ազդեցիկ կուսակցությունների ձևավորումը մեզանում: Ովքեր պատրաստ չեն, ըստ վարչապետի ստիպված են լինելու պատրաստվել, ովքեր դեռ բավականաչափ հասուն չեն, ստիպված են լինելու հասունանալ: Սա է առաջընթացի միակ ուղին: