Շարմազանովը կոչ է անում սահմանադրական բարեփոխումները չդիտարկել իշխանություն- ընդդիմություն հակամարտության համատեքստում
ПолитикаՍահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանափոխության և իշխանություն-ընդդիմություն հակամարտության համատեքստում դիտարկելն առնվազն անլուրջ է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սահմանադրական բարեփոխումներն ավելի լայն գործընթաց է, քան իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը: Սա դիտարկել իշխանափոխության, իշխանություն-ընդդիմություն հակամարտության համատեքստում, առնվազն անլուրջ կլինի»,- նշեց Շարմազանովը:
Հարցին, թե «ոչ»-ի կողմնակիցները պնդում են, որ ժողովրդի հետ հանդիպումների արդյունքները ցույց են տալիս, որ բոլորը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, Շարմազանովը պատասխանեց, որ դեկտեմբերի 6-ի երեկոյան միայն պարզ կլինի, թե ով ում հետ է հանդիպել:
«Ի տարբերություն իմ գործընկեր Արամ Մանուկյանի, ով տեսել է միայն «ոչ»-ի կողմնակիցների՝ ես մարդկանց հետ հանդիպումների ընթացքում տեսել եմ և «այո»-ի կողմնակիցների, և «ոչ»-ի կողմնակիցների, և չկողմնորոշված մարդկանց: Եթե ես հիմա կանգնեմ ու հայտարարեմ, որ բոլորը կողմ են սահմանադրական բարեփոխումներին, դուք ինձ լուրջ չեք վերաբերի, ինչպես լուրջ չեք վերաբերում այն անձանց, ովքեր հայտարարում են, որ բոլորը դեմ են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ կան մարդիկ, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել՝ ինչպես քվեարկել, քանի որ տեղեկացված չեն և ունեն հավելյալ տեղեկատվության կարիք
:«Հենց մարդկանց այդ տեղեկատվությունը փոխանցելու համար էլ նախատեսված է քարոզարշավը, որը մենք սկսել ենք: Մենք կհանդիպենք ժողովրդի հետ, կներկայացնենք նրանց սահմանադրական բարեփոխումների իմաստը, իսկ նրանք դեկտեմբերի 6-ին կորոշեն, թե ինչ ճանապարհով ենք մենք գնալու: Ժողովուրդն է որոշողը. ինչպես որոշի ժողովուրդը, այնպես էլ կլինի»,- հայտարարեց Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի երկրում անցկացվող բոլոր համապետական ընտրական միջոցառումները՝ այդ թվում՝ համապետական հանրաքվեները, անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: Նա նշեց, որ ՀՀԿ-ին անհրաժեշտ է որակյալ հանրաքվե:
«Դա է պատճառը, որ մեր կուսակցության առաջնորդը Մադրիդում մեր եվրոպացի գործընկերներին հրավիրեց դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանում, և մենք սիրով սպասում ենք նրանց»,- եզրափակեց Շարմազանովը: