Ես դեմ եմ ազատագրված հողերը հանձնելուն, սակայն...
ПолитикаՕրերս լրատվական դաշտում եւ ֆեյսբուքահայության շրջանում թեժ քննարկման առարկա է դարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ ինչ որ ժամանակահատվածում որպես փոխզիջումային տարբերակ ընտրվի ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելը: Թե որքանով է պատգամավորի նման հայտարարությունը հավաստի եւ ինչու է նա «որոշել հանձնել» արյան գնով ձեռք բերված հայկական տարածքները մեր թշնամի պետությանը, Orer.am-ը պարզեց հենց Լեւոն Մարտիրոսյանից:
-Ֆեյսբուքահայությունն ունի ինտերնետից օգտվելու հնարավորություն, որի միջոցով կարող են դիտել հարցազրույցի տեսագրությունը: Եթե նրանք դիտեն դա, ասեկոսեների վրա այլեւս չեն հիմնվի եւ կհասկանան, որ ռուսական թերթից կոնտեքստից դուրս մեկնաբանություն է ներկայացվել, որն էլ ես մեկնաբանել եմ: Հիմա մեկ անգամ եւս կարող եմ կրկնել, որ երբեք գաղտնիք չի եղել, որ հայկական կողմը միշտ ձգտել է հարցի խաղաղ կարգավորմանը եւ փոխզիջումային տարբերակին: Իմ հարցազրույցում նշել եմ նաեւ, որ ռուսական թերթի ենթադրությունները որեւէ նշանակություն չունեն, քանի դեռ վերջնական փաստաթուղթ չկա եւ քանի դա ստորագրված չէ: Իսկ թե ինչ փաստաթուղթ է, որի շուրջ բանակցություններ են գնում, ապագան ցույց կտա:
-Դուք դե՞մ, թե՞ կողմ եք ազատագրված հողերը հանձնելուն:
-Ես դեմ եմ ազատագրված հողերը հանձնելուն կամ որեւէ տեսակի պարտվողական քաղաքականություն վարելուն, սակայն փոխզիջումների պետք է գնանք: Ես կողմ եմ, որ մեր պատմական բոլոր հողերը լինեն ՀՀ կազմի մեջ, այդ առումով ես ՀՅԴ-ի լոզունգը ողջունում եմ, այն է՝ «Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան»:
Սոսե Չանդոյան