Առաջնագծում իրավիճակը կապված է քաղաքական իրադարձությունների հետ. քաղաքագետ
Политикаtert.am-ը գրում է.
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ասաց, որ վերջին տասնօրյակում ադրբեջանական կողմն ակտիվացրել է:
«Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը պարզորոշ կերպով ի ցույց է դնում այն փաստը, որ վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են: Ադրբեջանական կողմից, շփման գծի տարբեր ուղղություններով առավել հաճախ է ականանետեր, նռնականետեր կիրառվում»,-ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է հատկապես դիպուկահար խմբերի գործողությունները, որոնք առաջնագծում լրացուցիչ լարվածություն են ստեղծում:
Հարցին, թե արդյո՞ք, այս ակտիվությունը փոխկապակցված է քաղաքական գործընթացների հետ, քաղաքագետը պատասխանեց.«Այն, ինչ տեղի է ունենում քաղաքական հարթությունում ու առաջնագծում անմիջականորեն շաղկապված են միմյանց: Ադրբեջանն անընդհատ փորձում է խույս տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող պրոցեսից, գործընթացները տեղափոխելով այլ հարթակ, մասնավորապես, վերջին դեպքը ԵԽԽՎ-ում հայտնի զեկույցի շրջանառումն էր: Այս դեպքում համանախագահ երկրների արձագանքը չուշացավ. մեկ անգամ ևս վերահաստատվեց այն դիրքորոշումը, որ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս հրելն անթույլատրելի է»:
Նա նաև նշեց, որ առաջնագծում հոկտեմբերի 2-րդ կեսին և նոյեմբերի առաջին օրերին նկատվող պասիվությունը պայմանավորված էր Ադրբեջանում ընտրական գործընթացների անցկացմամբ և սպասելի էր, որ համապետական ընտրություններից հետո իրադրությունն առաջնագծում Ադրբեջանը կրկին սրելու էր: