Սոցիալական իրավունքների առումով մեր սահմանադրության տեքստը կարծեք թե պակաս չունի. Հրայր Թովմասյան
Политикаtert.am-ը գրում է.
Շարունակվում է սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հարավ» ուղղության քարոզչությունը: «Հարավցիները» շարունակում են իրենց քարոզարշավը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում. հանդիպումն ուսանողների հետ է:
Հարց հնչեց, թե նոր սահմանադրությունը սոցիալական պայմանների բարելավվման ուղիները նշո՞ւմ է, թե՞ ոչ:
«Սոցիալական խնդիրներին փաստաթուղթը կարող էր անդրադառնալ, եթե ենթադրվեր, որ պետությունը հարստանալու է: Այս սահմանադրությունը հակասոցիալական է: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ծանոթ լիներ նախագծին, սակայն մեր իշխանությունն այնքան ծույլ է, որ ժամանակին սահմանադրությունը չի բաժանել քաղաքացիներին, որպեսզի նրանք ծանոթանան և քվեարկության օրն իրենց կարծիքը հայտնեն»,-ասաց «ոչ»-ի կողմնակից Ազատ Արշակյանը:
Նա նշեց, թե պետության մեջ մոնոպոլիան, չարաշահումն այնտեղ է հասել, որ սահմանադրությունն ընտրակեղծիքի միջոցով է մատուցվում: Այս ասելիս Ազատ Արշակյանը ցույց տվեց «Ասա՛ այո սահմանադրական փոփոխություններին» բրոշյուրը:
«Մատուցման ձևը հակասոցիալական է, հակամրցակցային է: Պետությունը կդառնա սոցիալական, եթե մրցակցային տնտեսություն ունենա»,- ասաց Ազատ Արշակյանը:
«Սոցիալական իրավունքների առումով մեր սահմանադրության տեքստը կարծեք թե պակաս չունի»,- հակադարձելով Ազատ Արշակյանին, ասաց «այո»-ի կողմնակից Հրայր Թովմասյանը՝ նշելով, թե բոլոր սոցիալական իրավունքները կան. ազատ աշխատանքի ընտրություն, բնակարանի, կենսապահովման բարելավման իրավունք:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն էլ ասաց, թե սահմանադրական փոփոխություններին պետք է ասել «այո» որովհետև պառլամենտարիզմի միջոցով է պետք զարգացնել ժողովրդավարությունը:
«Մենք ուզում ենք քաղաքական երկխոսությունների մշակույթը ձևավորել մեզ մոտ, մեծ հնարավորություններ տալ ընդդիմությանը: Իսկ ընդդիմությունն, իմ կարծիքով, խուսափում է պատասխանատվությունից, որովհետև երբ նոր սահմանադրությամբ որոշումների կայացման ժամանակ այդքան մեծ հնարավորություններ է տրվում ընդդիմությանը, նա պարտավոր է չհրաժարվել և այդ պատասխանատվությունը կրել: Մեզ պետք չէ թույլ ընդդիմություն, երկիրը դինամիկ զարգացնելու համար պետք է ուժեղ ընդդիմություն»,-ասաց Կարինե Աճեմյանը: