ԵԽԽՎ հանձնաժողովում հակահայկական զեկույցի ընդունման համար չմեղադրել հայաստանյան պատվիրակությանը. Գալուստ Սահակյան
ПолитикаՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խայտառակ է որակում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ընդունած զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: ԱԺ նախագահը կոչ է անում այդ զեկույցի ընդունման համար չմեղադրել հայկական պատվիրակությանը, որը միասնական ուժերով ամեն ինչ արել է զեկույցի ընդունումը ձախողելու համար: Ազգային ժողովում, անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի ընդունած՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղրում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով հակահայկական զեկույցի նախագծի ընդունման վերաբերյալ, Գալուստ Սահակյանը նշեց, որ Ազգային ժողովը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում այդ հարցում լուրջ հաջողություններ արձանագրվեն: «Ես կարծում եմ, որ մեր պատվիրակությունը միայնակ չէր կարող խոչընդոտել այդ բանաձևի ընդունմանը: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ԵԽԽՎ տարբեր պատգամավորների հետ, ովքեր այս ընթացքում Հայաստան են եկել: Այս հարցով ես անգամ զրուցել եմ ԵԽԽՎ նախագահի հետ: Ես նրան ասել եմ, որ հարկավոր է վերջ տալ այդ աբսուրդին»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահը արձանագրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը միահամուռ ուժերով ջանքեր է գործադրել, որպեսզի այդ խայտառակ զեկույցը հանձնաժողովի կողմից չընդունվի: «Մեր պատվիրակության անդամները՝ թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, պայքարել են այդ ուղղությամբ: Դեռևս գնալուց առաջ ես մտածում էի, որ արդյունքներն ավելի վատ պետք է լինեն: Սակաւն մեր պատվիրակները կարողացել են 16 պատգամավորների ամբողջությամբ բացատրել խնդրի էությունը, և այդ զեկույցն անցել է 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ»,- նշեց Սահակյանը:
Նա նշեց, որ ոչ միայն հայկական պատվիրակությունը, այլևԱզգային ժողովը ջանքեր է գործադրել այդ զեկույցի ընդունումը թույլ չտալու համար: «Ես ինձ վատ եմ զգում, որ մենք արդյունքի հասնել չենք կարողացել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խառնաշփոթի մեջ ընկնենք: Մենք պետք է ավելի ջանադիր աշխատենք»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ հավաստիացրեց, որ հայկական պատվիրակությունն աշխատում է թափանցիկ, պարբերաբար թե խորհրդարանին, թե հանրությանը ներկայացնում է հաշվետվություններ իր կատարած աշխատանքի մասին, որոնց մեջ ներկայացվում է այն համատեղ աշխատանքը, որ կատարվում է ԱԳՆ-ի և սփյուռքի կառույցների հետ: Նա վստահություն հայտնեց, որ իրենց աշխատանքը տեսանելի է թե խորհրդարանի, թե հանրության համար: